«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
– Հայտնի է դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Երևանում ավելացել է ընտրողների թիվը: Համատարած արտագաղթի մասին տեղեկությունների ֆոնեն, չե՞ք կարծում, որ ընտրողների թվի ավելացման մասին տեղեկությունը ամբողջությամբ անվստահություն է առաջացնում գործընթացի նկատմամբ:
– Երևան քաղաքի ընտրողների թիվը նախնական ցուցակում կազմում էր 814 հազար 812, իսկ վերջնական ցուցակում՝ 810 հազար 925: Եթե համադրում ենք այս տվյալները, ապա տեսնում ենք, որ աճը մի քանի հազարի չի հասնում: Ընտրողների աճի բացատրությունը հետևյալում է՝ ի տարբերություն համապետական ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրություններին իրավունք ունեն մասնակցելու նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականները։ Նրանց թիվը կազմում է 3375 մարդ: Եթե այս անձինք մայիսի 5-ի դրությամբ Հայաստանում ունենան վեց ամսվա հաշվառում, նրանք մտնում են ցուցակ և ձեռք են բերում ընտրելու իրավունք: Էական աճը հիմնականում պայմանավորված է այս ցուցանիշով: Համապետական ընտրությունների ժամանակ գոյություն ունեին նաև լրացուցիչ ցուցակներ, լրացուցիչ ցուցակների մի տեսակն էլ այն ցուցակն էր, համաձայն որի՝ մենք ընտրողների ցուցակներ ենք ներառում Երևան քաղաքի ընտրողներին, ովքեր քվեարկության օրը գտնվելու էին այլ համայնքում և այնտեղ պետք է մասնակցեին ընտրություններին:
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հրապարակվեց ընտրողների վերջնական ցուցակը, լրացուցիչ ցուցակից, բնականաբար, բոլորը հանվեցին, այսինքն՝ ընտրողների թիվը նվազեց՝ 814 812-ից դարձավ 810 հազար 925: Կան նաև նման աճի օբյեկտիվ պատճառներ: Առաջին անգամ, անձնագրավորվողների թվով պայմանավորված, Երևանում համապետական ընտրություններից հետո հաշվառումները չի դադարեցվել, մարդիկ համայնքներից գալիս և Երևանում էին հաշվառվում: Նրանք, ովքեր մինչև փետրվարի 21-ը հաշվառվել էին Երևան քաղաքում, բնականաբար, մտել են ցուցակ, այսինքն՝ աճը ամբողջությամբ օբյեկտիվ գործոններով է պայմանավորված, և այստեղ անբացատրելի որևէ բան չկա: Եթե նախնական ցուցակների հետ համեմատենք, տարբերությունը շատ մեծ չէ: Նախագահական ընտրությունների ժամանակ 814 հազար 812 ընտրող էր, իսկ 817 814 հիմա է Երևանում, որից 3375-ը քաղաքացիություն չունեցող անձինք են, այսինքն թիվը մեծ տարբերություն չի տալիս:
– Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրությունները վերահսկող դիտորդների, ընդդիմության ներկայացուցիչների հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ այս օրերին մարզերից շատերը կգրանցվեն Երևան քաղաքում՝ առաջիկայում ավագանու ընտրություններին մասնակցելու և իշխող ուժի օգտին քվեներ ապահովելու նպատակով: Սա հնարավո՞ր է: Այս սցենարը կանխարգելելու համար ի՞նչ է արվում:
– Որևէ մեկը թող նման հարցով մտահոգություն չունենա, քանի որ կա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ, որը մենք պահպանում ենք: Մեր համակարգն ունի այնպիսի հնարավորություններ, որ եթե փետրվարի 21-ից հետո որևէ անձ հավշառվելու ցանկություն հայտնի, ապա տեխնիկապես այս հարցը կկարգավորվի։ Գոյություն ունի ֆիլտր, համակարգիչն ավտոմատ կերպով թույլ չի տալիս որևէ մեկին մտնել ընտրողների ցուցակ, եթե նա հաշվառվել է փետրվարի 21-ից հետո: Բայց կան որոշ բացառություններ: Օրինակ, եթե փետրվարի 21-ից հետո Երևանում հաշվառվել են գույք ձեռք բերելու համար կամ ամուսնությամբ պայմանավորված, զորացրվել են՝ անկախ նրանից երբ են հաշվառվել, ցուցակ կմտնեն: Այս մարդկանց վրա փետրվարի 21-ի սահմանափակումը չի տարածվում: Սա նույնպես ազդում է ցուցակների աճի վրա: Իսկ մտահոգությունները, կարծում եմ՝ գիտեք, այլ պատճառներ ունեն. որպես կանոն՝ ընտրական գործընթացի փուլում տարատեսակ շահարկումներն ավելանում են:
– Նախագահական ընտրություններից հետո իրենց զեկույցներն են ներկայացրել միջազգային դիտորդները, որոնք ի շարս այլ խախտումների անդրադարձել են նաև ընտրացուցակներին: Ի՞նչ է արվել դիտորդների կողմից ցուցակներում անճշտությունները վերացնելու ուղղությամբ արված առաջարկների շուրջ:
– Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո հրապարակված զեկույցում նկատողություններ չկային` ի տարբերություն խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված զեկույցի: Մենք նախագահական ընտրություններին ընդառաջ իրենց բոլոր նկատառումները հաշվի էինք առել և ընթացք տվել: ՀՀ արդարադատության նախարարության հետ մենք ունենք էլեկտրոնային կապ, որով ավտոմատ ստանում ենք տվյալներ հանրապետությունում ծնվածների և մահացածների մասին առանց մարդկային գործոնի միջամտության: Սա պահանջներից մեկն էր, որը մենք կատարել ենք, և այս համակարգը շատ լավ աշխատում է: Բնականաբար, սա և՛ տվյալների ճշգրտության վրա է անդրադառնում, և՛ ցուցակների ճշտության վրա: Սա հիմնական հարցն էր, որն ԱԺ ընտրությունների ժամանակահատվածներից հետո դիտորդները մեզ առաջարկել էին, ինչը և մենք կատարել էինք սեղմ ժամկետում: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մենք այդ առաջարկություններին ընթացք տվեցինք, կառավարությունը գումարներ հատկացրեց, և մենք այդ համակարգը ներդրեցինք, իսկ այսօր օգտվում ենք այդ համակարգի հնարավորություններից:
– Պարոն Քոչարյան, ընտրացուցակների վերաբերյալ երևի թե ամենամեծ խնդիրը մեկ հասցեի վրա հաշվառված, հաճախ մեկ տասնյակից ավել, անհայտ անձինք են:
– Այս երևույթից խուսափելու իրավական մեխանիզմներ գոյություն չունեն, որովհետև սեփականատերերն իրավունք ունեն իրենց հասցեում հաշվառելու այնքան քաղաքացի, ինչքան իրենք ցանկանում են, որովհետև բնակչության պետական ռեգիստրում հասցեն բնակվելու հետ կապ չունի: Եթե ինչ-որ մեկը ռեգիստրի հասցեն է հայտարարում, որպես բնակության վայր, դա չի նշանակում, որ մեկը պետք է փաստացի այդտեղ բնակվի ինչ-որ ժամանակահատվածում, որ դա կոչվի «հասցե»: Բավական է, որպեսզի ընտրողը մեզ գրավոր հայտնի, որ բնակվում է այսինչ տեղում՝ անկախ նրանից, թե նա այնտեղ քանի օր է գիշերում, քանի օր է ապրում, օրենքի ուժով դա համարվում է «բնակության վայրի հասցե»: Հետևաբար սեփականատերերն իրենք են որոշում քանի հոգու այդ հասցեում հաշվառեն: Մենք հնարավորություն չունեն սեփականատերերի իրավունքները սահմանափակելու: Այլ բան է, որ նման հաշվառումները մեր տեսադաշտում ենք պահում: Նախնական ուսումնասիրություններ ենք կատարում, փորձում ենք ճշտել՝ կա՞ հարազատական կապ, կա՞ այլ մեթոդներով հաշվառվող անձ, որովհետև սեփականատերերը, երբեմն եղել են դեպքեր, որ իրենց իրավունքը պարզապես չարաշահել են:
Մենք այդ հանգամանքները ստուգում ենք և դրանից հետո էլ փորձում ենք պատկերը որոշակիացնել, հաշվառման գործողությունն անել, բայց արգելել սահմնափակել հաշվառվելու իրավունքը, մենք չենք կարող: Այս իմաստով գործընթացները վերահսկելի են, և Ազգային ժողովի ընտրություններից հետո այլևս նման հաշվառումներ չեն անում, քանի որ բնակչությունը տեղեկացված է, ուստի հասկանում են, որ անմիջապես ուշադրության կենտրոնում են հայտնվում, քննարկման առարկա է դառնում, և խուսափում են նման բաներից: Կարծում եմ, որ այսօր այդ խնդիրն էլ մտահոգող հարցերի շարքում է: Այդպիսի խնդիր չկա:
– Փետրվարի 18-ին ընտրատեղամասերից մեկում ականատես դարձա մի իրավիճակի, երբ ընտրողը մոտեցավ իր հասցեի տվյալներին և տեսավ անհայտ անձանց հաշվառված իր հասցեում։ Բարձրացրած աղմուկից հետո ԸԸՀ-ի ներկայացուցիչները նրան հորդորեցին դիմել անձնագրային ծառայություն՝ պարզելու, թե ովքեր են իր հասցեում հաշվառվածները: Պարոն Քոչարյան, քաղաքացու խնդի՞րն է այս մասին տեղեկացնել անձնագրային ծառայությանը:
– Ես հիշում եմ այդ միջադեպը: Դա բացարձակապես ստահոդ տեղեկություն էր: Աղմուկ-աղաղաղակ էր՝ արհեստական սարքված, նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկանք և հերքեցինք: Պարզվեց, որ այդ կինը չէր սեփականատերը բնակարանի, այլ իր քույրը և հաշվառման որևէ խախտում տեղի չէր ունեցել: Այսօր կարող ենք հստակ ասել, որ ընտրացուցակները գտնվում են պատշաճ վիճակում։ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես՝ անձնագրային և վիզաների վարչությունը լիովին պատրաստ է: Բաց ենք բոլորի հետ աշխատելու թափանցիկ, լրատվամիջոցների հետ՝ ևս, ընտրական գործընթացի մասնակիցների հետ ևս:
Մենք հայտարարել ենք և հայտարարում ենք այս մասին, բայց չենք բացառում, որ անհատական տվյալների որոշակի անճշտություններ լինեն ցուցակներում, չեմ բացառում, որ լինեն դեպքեր, երբ մարդիկ դուրս մնացած լինեն ցուցակից այս կամ այն պատճառով: ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է հնարավորություն այդ ամենից խուսափելու համար: Շատ լավ կլինի, որ ընտրողն ինքը ևս շահագրգռված լինի և հետևի իր անհատական տվյալներին: Եթե կհայտնաբերվեն խախտումներ, գրավոր կդիմեն անձնագրային ծառայություն: Մենք ունենք օրենքով սահմանված հնգօրյա ժամկետ, այդ ժամկետում արձագանքում ենք՝ կամ ուղղում ենք սխալը, կամ քաղաքացուն բացատրում ենք, որ տվյալները սխալ չեն: Քաղաքացին այդ հնարավորությունից կարող է օգտվել, ընդ որում՝ այդ հնարավորությունից կարող են օգտվել երրորդ անձանց համար ևս, այսինքն՝ եթե քվեարկության օրվա դրությամբ կարող են դիմել միայն իրենց համար, քվեարկությունից հինգ օր առաջ ընկած ժամանակահատվածում կարող են նաև այլ անձանց համար դիմել: Մի փոքր ակտիվություն ընտրողների կողմից, իսկ մենք դժգոհ չենք այդ ակտիվությունից, եթե էլ ավելի հետևողականություն տվյալներում սխալներ ընդհանրապես չեն լինի: Չմոռանանք, որ հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Չեմ բացառում անհատական տվյալներում անճշտություններ, բայց փաստերը ցույց են տալիս, որ դրանք չնչին տոկոս են կազմում:
– Պարոն Քոչարյան, մարտի 26-ից ՀՀ ոստիկանությունում «թեժ գիծ» է գործարկվել, որով քաղաքացիներն ահազանգում են ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում: Մինչ այս պահը որքա՞ն բողոք է ստացվել, ի՞նչ բովանդակությամբ և արդյո՞ք ընթացք տրվել է, թե՝ ոչ:
– Երեկվա դրությամբ չորս ահազանգ է եղել, որոնցից միայն մեկն էր վերաբերում ընտրացուցակին: Քաղաքացին պարզապես չէր տեսել իր տվյալը ցուցակում, որն, ի դեպ, ամենատարածված զանգերից է։ Մենք գտել ենք իր տվյալը և ցույց տվել իրեն: Սովորաբար այդպես ենք անում նման դեպքերում, օգնում ենք գտնել իրենց տվյալները: Մնացած երեք բողոքներն ընտրողների ռեգիստրին չէին առնչվում: Քաղաքացիներին պարզաբանումներ ենք տվել, խորհրդատվություն մատուցել հաշվառման օրենսդրության վերաբերյալ:
– Որքան էլ ընտրություններին ընդառաջ Դուք, կամ ընտրություններից հետո միջազգային դիտորդներն առաջընթաց են արձանագրում ընտրացուցակների անճշտությունների վերացման աշխատանքներում, ընդդիմության ներկայացուցիչները, հասարակության մի ստվար հատվածը շարունակում է իր անվստահությունը հայտնել ընտրացուցակների վերաբերյալ, ասում են, որ դրանք ռւճացված են, անճշտություններ կան: Չե՞ք մտածում վերահսկողական մեխանիզմների մշակման կամ գործարկման մասին, որպեսզի ցուցակների նկատմամբ վստահությունը ձևավորվի:
– Վստահության համար պետք է բացառել սուբյեկտիվիզմը և վատատեսությունը: Ես շատ ուշադիր հետևել էի Արման Մելիքյանի հայտարարություններին: Ինքը սկզբից ասում էր, որ վեց ամսից ավել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները պետք է հրապարակվեն, բայց հետո ասաց, որ վեց ամսից ավել դրսում գտնվող ընտրողների տվյալների հրապարակումը անհատական տվյալների մասին օրենքի խախտում է. մի պահ եկավ իր այդ նախնական առաջարկությունից հրաժարվեց: Ես կարող եմ ասել, որ կան քննարկումներ, որոշվում է ստեղծել տեխնիկական, իրավական հնարավորություններ, որ կարգավորվի դրսում գտնվող մեր հայրենակիցներին ցուցակներից ինչ-որ կերպ հանելու հարցը, մտածում ենք՝ ինչ մեխանիզմներ կարող են ներդրվել, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների դեպքում կիրառվելով` կարող են խնդիրը վերացնել: Օրինակ, եթե օրենսգրքով սահմանվի, որ երկու ամսից ավել դրսում գտնվող մեր հայրենակիցների տվյալները պետք է հանվեն, այդ առաջարկությունը կարող ենք հանրային քննարկման առարկա դարձնել, բայց այս պահին պաշտոնական բան չկա, դա իմ անձնական դիտարկումն է:
Խնդիրներից մեկն այս պահի դրությամբ անձի նույնականացումն է: Եթե մարդը հանրապետությունից դուրս է եկել և անհատական տվյալներ է փոխել, Հայաստան մուտք ու ելք է գործել այլ ճամփորդական փաստաթղթերով (մարդիկ կարող են տարբեր անձնագրերով սահմանը հատել), նույնականացման խնդիրը դեռևս մնում է: Լուծումներ դեռևս չեն գտնվել, և միգուցե հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ կոնկրետ առաջարկություններ պատրաստ լինեն:
Ինչ վերաբերում է վերահսկողական գործընթացներին, ապա լավագույն վերահսկողական գործընթացն ընտրողների ցուցակի հրապարակայնությունն է, այսինքն՝ ներբեռնելու հնարավորությամբ, որոնման հնարավորությամբ դրանք տրամադրելը: Սա աննախադեպ երևույթ է, շատ քիչ պետություններ են այս հնարավորությունը տրամադրել իրենց ընտրողներին: Վստահության ամրապնդման և շահարկումների բացառման համար օրենսդիրը նման լուծում տվեց. ցանկացած մարդ կարող է տեսնել իր տվյալները www.police.am և www.elections.am կայքերում ու տեղամասային կենտրոններում, կարող է ստուգել ցուցակները: Դրանից լավ վերահսկողական մեխանիզմ, ես կարծում եմ, չկա:











































