Ապրիլի 4-ին Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի տարածքում ֆիքսել է օբյեկտի տեղափոխում դեպի արևելյան ափ, որը, հավանաբար, միջին հեռավորությամբ «Մուսուդան» բալիստիկ հրթիռ է: Reuters-ի տվյալներով՝ այս մասին հայտարարում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության բազմաթիվ աղբյուրներին:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Գործակալության աղբյուրներից մեկը հայտարարել է, որ ներկա պահին պարզ չէ՝ արդյոք Հյուսիսային Կորեան պատրաստվո՞ւմ է արձակել հրթիռը, թե՞ նրա գործողությունները բացառապես «ուժի ցուցադրություն են»:
Ենթադրվում է, որ «Մուսուդան» հրթիռն ունի գործողության 3000 կմ շառավիղ, ինչն ընդգրկում է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Խաղաղ Օվկիանոսի Գուամ կղզու ամերիկյան տարածքները:










































