Օրեգոնում ուսանողների ուղղությամբ կրակ արձակած երիտասարդը սպանվել է ոստիկանական կրակից։ New York Times-ի փոխանցամբ՝ նահանգի Ռոզբերգ քաղաքի Umpqua Community քոլեջում հրաձգություն իրականացրած անձը եղել է տեղի 26-ամյա բնակիչ։ Նա չի եղել քոլեջի ուսանող։ Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է նրա ենթադրյալ անունը՝ Քրիս Հարփեր Մերսեր։ Նշվում է, որ նա բնակվել է քաղաքի մերձակայքում։ Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել են 3 ատրճանակ և մեկ հրացան։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կասկածյալը համացանցում քննարկել է հրաձգություն իրականացնելու պլանները, քանի որ դա նորությունների հերոս դառնալու իր միակ հնարավորությունն է եղել։
Սպանված ու վիրավոր ուսանողներ են հայտնաբերվել երկու լսարաններում։ Ուսանողուհիներից մեկի խոսքով՝ հանկարծ պատուհանից կրակոց է արձակվել, և փամփուշտը հայտնվել է ուսուցչի գլխում։ Այնուհետև հրաձիգը հայտնվել է լսարանում, բոլորին ստիպել պառկել հատակին, հարց է ուղղել կրոնական պատկանելության մասին, որից հետո կրակել։









































