«Ես վախենում եմ, որ մի օր էլ կարող են մեզ հայտնել, թե Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության կազմում: Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ոչ միայն իր քաղաքական լծակները, այլև տնտեսական հզորությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելու գործարքին:
Նարինե Մկրտչյանը չափազանց վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսական հզորությունները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, հանձնվում են մի երկրի, որը աստիճանաբար վերցնում է նրա քաղաքական ինքնիշխանությունը:
Այսինքն՝ մեր զրուցակիցը համարում է, որ ՏԷՑ-ը հանձնել «Տաշիր»-ին՝ նույնն է, թե հանձնել Ռուսաստանին, քանի որ Սամվել Կարապետյանը բիզնես-կախվածություն ունի Մոսկվայի իշխանություններից և ՌԴ քաղաքացի է:
«Սա մեր պարտությունների շղթայի մի օղակն է»,- եզրափակեց Նարինե Մկրտչյանը՝ հավելելով, որ ռազմավարական նշանակության այնպիսի օբյեկտները, ինչպիսիք են ՀԷՑ-ը, հաղորդակցության միջոցները, պետք է ազգայնացվեն:









































