«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը ընտանիքով կմասնակցի այս տարվա «Էրեբունի-Երևան»-ի տոնական միջոցառումներին: Նա համոզված է, որ այսօր հաշմանդամություն ունեցող բոլոր երևանցիները, բարեբախտաբար, հնարավորություն ունեն դառնալ տոնական միջոցառումների մասնակիցը:
Ի՞նչ է ձեզ համար «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը:
– «Էրեբունի-Երևանը», իմ կարծիքով, բոլոր երևանցիների սիրված ու սպասված տոներից է: Այն տոներից է, երբ քաղաքում տիրում է բարձր տրամադրություն, կազմակերպվում են հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառումներ: Ու ես կարծում եմ, որ այն իսկապես համաքաղաքային, համահայկական տոն է, աշխարհի բոլոր հայերի տոնը:
Արդյո՞ք մեր բոլոր համաքաղաքացիները հնարավորություն ունեն վայելել տոնը
– Ամենևին էլ պատահական չէր, որ ես ասացի, որ սա հիրավի համաքաղաքային, բոլորի տոնն է: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ հաշմանդամություն ունեցող երևանցիները արդեն դարձել են ոչ միայն տոնական միջոցառումների ականատեսը, այլև անմիջական և ակտիվ մասնակիցն ու դերակատարները: Այդ առումով շատ գնահատելի է հատկապես վերջին տարիների մեր շարունակական համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Թեև դեռ կան չլուծված խնդիրներ, սակայն մեր համագործակցության արդյունքներն ակնհայտ են: Երևանն օրեցօր ավելի հարմարավետ է դառնում. փողոցների անցումներում, շենքերում շարունակվում են կառուցվել թեքահարթակներ, այս տարի առաջին անգամ Հայաստանում գետնանցումը կահավորվեց հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակով, ունեցանք նաև հարմարեցված ավտոբուսներ: Համագործակցության շրջանակում բացվել է նաև «Ունիսոն-ստուդիա» սոցիալական ձեռնարկությունը, որը տեղեկատվական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար ուսուցման և աշխատանքով ապահովման հնարավորություն է ընձեռում: Հենց այսպիսի զարգացումներն ու ձեռքբերումներն են, որ ամբողջությամբ համահունչ են այս տարվա տոնակատարության կարգախոսին. մեր հինավուրց քաղաքը հաստատուն քայլերով ջերմ ու բարի է դառնում նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Անձամբ դուք ինչպե՞ս եք նշում տոնը:
– Տոնը նշում ենք ընտանիքով, որդուս հետ նախ հետևում ենք ջրցան մեքենանարի շքերթին, հետո ներկա ենք լինում բացօթյա համերգներին: Այս տարի առաջին անգամ «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը նույնպես կմասնակցի տոնական միջոցառմանն ու երևանցիների և քաղաքի հյուրերի համար կկատարի Երևանի օրհներգը:








































