«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, վերջին օրերին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում։ Ձեր կարծիքով՝ արդյոք հայկական կողմը կարողանո՞ւմ է համարժեք պատասխան տալ, մասնավորապես, դիվանագիտության ասպարեզում։
– Հայաստանի արտաքին քաղաքականությունը համարժեք է նրա ներքին քաղաքականությանը, և դա օրինաչափություն է, բոլոր երկրներում է այդպես։ Ներքին հարցերում Հայաստանն այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ տնտեսության վիճակն օրեցօր վատթարանում է, արտագաղթը շարունակվում է, քաղաքացիների անվտանգությունը չի ապահովվում՝ նկատի ունեմ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական դեպքը, Տավուշի մարզում բնակիչների վիճակը, ազատ խոսքի սահմանափակումը, մասնավորապես՝ Բերձորի դեպքերը։ Այս օրինակները, որոնց շարքը կարելի է շարունակել, ցույց են տալիս, որ ՀՀ ներքին քաղաքականությունը շատ վատն է, և դա ուղիղ համեմատական է արտաքին քաղաքականությանը։ Արտաքին քաղաքականության ձախողումները բերում են ռազմական այնպիսի վիճակի, որ մեր զինվորականները, մեր քաղաքացիներն ամեն օր զոհվում կամ վիրավորվում են։ Սրա պատասխանն այսօր չկա, որովհետև դա գալիս է մեր դիվանագիտությունից։ Այդ ասպարեզում ես տեսնում եմ լիարժեք պարտություն, վախկոտություն, անվճռականություն, որի պատճառով թշնամի հակառակորդն իրեն թույլ է տալիս նման սանձարձակություններ, նման վերաբերմունք, որի արդյունքում ունենում ենք տխուր իրավիճակներ։
– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին լարվածությունը սահմանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք չեն կարող պարզել, թե որտեղից է ծագել բռնությունը, այսինքն՝ հավասարության նշան են դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մինչդեռ նախորդ հայտարարության մեջ որպես հստակ հասցեատեր նշված էր Ադրբեջանը։ Սա ինչո՞վ է պայմանավորված։
– Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները հերթապահ էին, նրանք միշտ ուզում են հավասարության նշան դնել, ինչը կարող են պատճառաբանել իրենց չեզոքությամբ կամ կարող են ասել, որ չեն կարող հակամարտության կողմերից մեկի կողմն անցնել, թեև, իհարկե, չի կարելի հավասարության նշան դնել։ Չի կարելի մեր անվտանգությունը, ներքին ու արտաքին քաղաքականությունը կապել համանախագահների հայտարարությունների հետ ու հույս դնել այդ հայտարարությունների վրա։
– Այդ դեպքում որո՞նք պետք է լինեն մեր գործողություններն այս իրավիճակում։
– Այս իրավիճակում մենք պետք է խոսենք մարդկային լեզվով։ Այս պահին հայկական կողմի պահվածքն անմարդկային է։ Այսինքն՝ զոհվել են քո քաղաքացիները, ու դու ոչինչ չես ձեռնարկում, նշանակում է՝ դու անճարակ ես։ Այս դեպքում եթե մեր իշխանությունները մի փոքր հայրենասիրություն ունեն, պետք է մի կողմ քաշվեն և այլ ուժեր գան իշխանության, որպեսզի կարողանան արժանի կերպով պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, հայ զինվորին ու ազգի պատիվը։ Նախ՝ պետք է ոչնչացվեն այն կրակակետերը, որտեղից վերացնում են մեր քաղաքացիներին, խոսքը Տավուշի մարզի մասին է։ Արցախի տարածքում ևս այն կետից, որտեղից հրադադարի ռեժիմի պայմանները խախտելով՝ հրետակոծվում կամ կրակի տակ են առնում մեր դիրքերը, դիպուկահարների կողմից զոհվում են մեր տղաները, այդ նույն ուղղությամբ պետք է մի քանի անգամ առավել կրակ բացել ու ոչնչացնել այդ կրակակետերը։ Ես գիտեմ, որ կարող են ասել՝ պատերազմ է սանձազերծվում, կարող է պատերազմ սկսվել, բայց եթե մենք պատերազմից վախենանք, նրանք միշտ կկոտորեն, կսպանեն։ Միևնույն է՝ պատերազմն, այսպես թե այնպես, սկսված է, ամեն օր հայ մայրեր են լացում։ Ի՞նչ է, ամեն մեկը պետք է սպասի, որ իր մա՞յրը լացի։ Գոնե մի անգամ մենք պետք է ազգովի վեր կենանք, մեր ասելիքն ասենք և արժանի կերպով այս արևի տակ մեր տեղը գտնենք։ Սա բնական ու մարդկային է, և միջազգային հանրությունը այդ տեսակետից մեզ կհասկանա ու մեր կողքին կկանգնի։ Միջազգային հանրությունը միշտ կանգնում է արդարի և ուժեղի կողքին։ Թույլը եթե մեղավոր է, ոչ մեկը նրա կողքին չի կանգնի։ Թույլը մեղավոր է, որ ինքը թույլ է։
– Իսկ այս դեպքում ինչպիսի՞ն պետք է լիներ Ռուսաստանի կեցվածքը։ Հնարավո՞ր է, որ այս լարվածությունը պայմանավորված լինի հակամարտության գոտի զորքեր մտցնելու Մոսկվայի մտադրությամբ։
– Մի քանի տարի առաջ քաղաքական ամբիոնից հնչեցվեց «ղալաթ» բառը։ Հիմա ես ուզում եմ կրկնել այն՝ ասելով. ղալաթ է անում ռուս կամ հայ որևէ քաղաքական գործիչ, ով խոսում և անում է այնպիսի գործողություններ, որպեսզի ռուսական զորք մտնի այստեղ։ Ռուսական կողմը ոչ մի դեպքում դա չի տեսնի։ Ես ուզում եմ մեր ժողովրդին, հատկապես կույր ռուսացած զանգվածին հիշեցնել 1988-91 թվականներին ռուսական զորքի այստեղի ներկայությունը՝ թե ինչ ավերածություններ արեց այստեղ։ Ուզում եմ հիշեցնել 1920 թվականին անկախ Հայաստան և Ղարաբաղ մուտք գործած Կարմիր բանակի ավերիչ գործողությունները։ Ուզում եմ հիշեցնել ցարական Ռուսաստանի զորքերի մուտքը Արցախի տարածք, երբ ոչնչացվեցին մեր իշխանական տիտղոսները, ընդհանրապես հայկական ամեն բան ոչնչացվեց, ու անարխիստական կարգեր հաստատվեցին։
Այսօր հայկական իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի կոնֆորտ լինի Ռուսաստանի իշխանության համար այս տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նրան, որ իր հին հարցերը լուծի Հարավային Կովկասում։ Ռուսական հին հարցերը, որոնք են. Մոսկվայի նպատակն է Ադրբեջանը մտցնել ԵՏՄ կազմ, իսկ Ադրբեջանը դրա դիմաց ցանկանում է Ղարաբաղը։ Մոսկվան էլ ցանկանում է Ղարաբաղը տալ դրա դիմաց։ Իսկ հայկական իշխանություններն այսօր զբաղված են վերարտադրության փորձերով, Սահմանադրության փոփոխությամբ, որը համարում եմ դավաճանական քայլ ոչ միայն իշխանությունների կողմից, այլև նրանց սպասարկող բոլոր ուժերի։







































