Կենտրոնական բանկի կողմից շուկայի ազդակները ճիշտ գնահատելու և համապատասխան օպերատիվ որոշումներ կայացնելու կարևորությունը այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Այս մասին այսօր հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Իմ կարծիքով, Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ դրամավարկային քաղաքականության մեջ պետք է շատ ֆիլիգրամ, շատ օպերատիվ, շատ զգայուն որոշումներ կայացվեն: Նախկինում գործոնների նման համակցություն չենք ունեցել»,- նշեց Տ. Ջրբաշյանը:
Նրա խոսքով` միջազգային շուկաներից Հայաստան տեղափոխվող ինֆլյացիայի զսպումը ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացման միջոցով հանգեցնում է ինչպես վարկավորման նվազման (ինչը մի որոշ աստիճանից կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ տնտեսության համար` նվազեցնելով տնտեսական ակտիվությունն ու ՀՆԱ աճի տեմպը), այնպես էլ` դրամի փոխարժեքի արժևորման ուղղությամբ ճնշումների մեծացման (ինչն էլ անցանկալի է արտահանման խրախուսման տեսակետից դրամն արժեզրկելու համատեքստում):
Այս իրավիճակում ԿԲ-ն պետք է շատ մանրակրկիտ վերլուծի շուկայից եկող ազդակներն ու նույնիսկ շաբաթական կտրվածքով ճիշտ որոշումներ կայացնի: «Տնտեսական ազդակների ցանկացած փոքր սխալ ընկալում կարող է ամբողջ համակարգը կայունությունից հանել»,- ասաց Տ. Ջրբաշյանը:










































