Bentley-ի Bentayga կոչվող առաջին քրոսովերը հասել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին: Նշվում է, որ թագուհու ավտոմեքենայում կտեղադրեն 170 000 դոլար արժողությամբ շվեյցարական Breitling Tourbillion ժամացույց: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
«Մենք արդեն ամենաառաջին ավտոմեքենան պահել ենք Ձերդ մեծության համար»,- հայտարարել է Bentley-ի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:
Նորույթի հանրային շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Bentayga-ի First Edition շարքը, որը կհայտնվի թագավորական ավտոտնակում, կթողարկվի 500 օրինակով:
Այդ ավտոմեքենայի սկզբնական գինը 355 000 դոլար է, սակայն լրացուցիչ սարքավորման պատվերի դեպքում դրա գինը կարող է գերազանցել 775 000 դոլարը:
Նորույթն ունի 608 ձիաուժ հզորությամբ 6,0-լիտրանոց W12 շարժիչ: 100 կմ/ժ արագության քրոսովերը հասնում է 4,1 վայրկյանում, առավելագույն արագությունը 301 կմ/ժ է:
Bentley-ի ղեկավարի խոսքով՝ Bentayga-ի բոլոր 3600 օրինակները, որոնք կթողարկվեն մոդելի արտադրության առաջին տարում, արդեն գնված են:









https://youtu.be/9RLol0mweX8






































