Այսօր կառավարության նիստի ժամանակ պարզ դարձավ, որ «Inter RAO Holding B. V.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի ՀԷՑ ԲԲ բաժնետոմսերը 100 տոկոսով Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու մասին:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.
«Սա սպասելի էր ինչ-որ չափով, խոսակցություններ կային, որ ՀԷՑ-ը ուզում են վաճառել: Այս գործարքը տանում է հենց այն խոսակցություններին, որոնք ի սկզբանե կային, այսինքն՝ օվշորային գոտում գրանցված ընկերությունը կգնի, հետո հանկարծ նրանից էլ կգնի Սամվել Կարապետյանը»:
«Մենք հանգուցալուծում կհամարեինք, եթե կատարվեին պահանջները, սակայն չեմ կարծում, որ այս պրոցեսը, որ տարվում է, կլուծի խնդիրները: Մեր պայքարի սկզբում կային այս խոսակցությունները, որ ՀԵՑ-ը շուտով կվաճառվի: Բայց նույնիսկ դա նորմալ չի կատարվում. ստրատեգիական նշանակության օբյեկտը վաճառում են օվշորային կազմակերպության, դա անլուրջ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:
Ըստ Մաքսիմ Սարգսյանի՝ իրականում խնդիրները մնում են նույն տեղում. «Մենք արդեն ունենք նախադեպ ռուսական ընկերությանը ռազմավարական նշանակության օբյեկտ վաճառելու: Եթե անգամ վաճառք լինի, Հայաստանը պետք է իր մասնաբաժինը ունենա, որպեսզի կարողանա վերահսկողական լծակներ օգտագործել: Ով էլ լինի սեփականատերը, եթե վերահսկողություն չեղավ, նույն թալանը կշարունակի, ինչպես Բիբինն էր անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































