Ուրբաթ Եգիպտոսի Սինայի թերակղզում առևանգված երկու զբոսաշրջիկներն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, արտասահմանցի զբոսաշրջիկներին պատանդ վերցրած բեդվինները այս գիշեր միջնորդների միջոցով նրանց փոխանցել են իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Զինված խումբը պատանդ էր վերցրել 34-ամյա իսրայելցի արաբի և 32-ամյա նորվեգացու, երբ նրանք մեքենայով Թաբա քաղաքից ուղևորվում էին Իսրայելի սահմանի վրա գտնվող Դահաբ քաղաք: Առևանգիչները իշխանություններից պահանջել են ազատ արձակել Իսմաիլիա քաղաքում քրեական գործունեության համար դատապարտված իրենց հարազատներին:
Բանակցություններին մասնակցել են տեղի ցեղերի շեյխերը: Հայտնի է, որ բեդվինները համաձայնվել են պատանդներին ազատ արձակել այն բանից հետո, երբ ուժայինները խոստացել են կարճ ժամկետներում վերանայել նրանց հարազատների դեմ հարուցված քրեական գործերը:
Այժմ արդեն նախկին պատանդները հայտարարել են, որ առևանգիչներն իրենց հետ լավ են վերաբերվել: