Հացադուլի տասնչորսերորդ օրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Հայաստան ժամանած ամերիկացի բժիշկ Փիթեր Բինգոմը:
Վերջինս նվագեց Ր. Հովհաննիսյանի համար, նա էլ երգեց: Իսկ վերջում Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, Բինգոմին իր հեղինակած գիրքը նվիրեց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փիթեր Բինգոմը՝ խոսելով այն մասին, թե տեղյակ է արդյոք ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ անում՝ ասաց. «Շատ մարդկանցից եմ լսել, որ նրանք մտահոգված են, թե ինչպես են Հայաստանում ընտրություններն անցկացվել, իսկ դրանք լավ ձևով չեն անցկացվել: Նրանց մտահոգությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում շատ ձայներ է ստացել՝ դա է իմ պատկերացումը»:
Մեր այն հարցին, թե արդյոք իր գալը հրապարակ նշանակո՞ւմ է, որ ինչ-որ կերպ սատարում է նախագահի նախկին թեկնածուին, Բինգոմն ասաց. «Ես հյուր և այցելու եմ Հայաստանում և կարծում եմ՝ գեղեցիկ չի լինի, եթե սատարեմ ինչ-որ մեկին, բայց ես գիտեմ, որ նա ժողովրդավարության հույս է արթնացնում մարդկանց մոտ:
Ես նախկինում էլի եմ եղել Ազատության հրապարակում, որովհետև ապրում եմ մոտակայքում, և էլի կգամ: Իրեն ասել եմ, որ երբ ցանկանա լավ երաժշտություն լսել, ես ուրախ կլինեմ գալ այստեղ և նորից նվագել, նա շատ բարեհամբույր ձևով ինձ հրավիրեց այստեղ»:
Բժիշկը, ով Հայաստան է եկել երեխաներին բժշկելու համար, Հայաստանում կմնա մինչև հունիս: