ԱՄՆ Տեխաս նահանգի ոստիկանները հետապնդման ժամանակ գնդակահարել են մի տղամարդու, ով կասկածվում էր Կոլորադո նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության ղեկավարի սպանության մեջ։ Ուրբաթ օրն այս մասին տեղեկացրել է CBS հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ Կոլորադո նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության ղեկավար Թոմ Քլեմենթսը սպանվել է երեքշաբթի երեկոյան, երբ դուռը բացել է հանցագործի առջև: Որպես հանցագործության հնարավոր պատճառ՝ քննիչները համարում են Քլեմենթսի մասնագիտական գործունեությունը:
Մարդասպանը, ականատեսների խոսքերով, հանցագործության վայրից փախել է: Որոշ ժամանակ անց նրա մեքենան կանգնեցվել է ոստիկանների կողմից, սակայն կրակելով շերիֆի օգնականի վրա՝ հանցագործը կրկին շարունակել է իր ճանապարհը: 160 կմ/ժ արագությամբ հետապնդման արդյունքում հանցագործը բախվել է բեռնատարին, որից հետո դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել է կրակել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ ոստիկանները նույնպես կրակ են բացել՝ մահացու վիրավորելով տղամարդուն, ով 28-ամյա Էվան Սփենսեր Էբելն էր։ Նա մահացել է գլխուղեղի վնասվածքից:
Նախնական տվյալներով՝ Էբելը, հնարավոր է, առնչություն ունի նաև անցած կիրակի տեղի ունեցած և դեռ չբացահայտված առաքիչի սպանությանը:










































