Վրացի սահմանապահները կալանել են թուրքական «Այդար» նավը, որն Աբխազիայից ուղևորվում էր թուրքական Տրապիզոն նավահանգիստ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Աբխազիայի ծովային նավարկություն» պետական ընկերության գլխավոր տնօրեն Զաուր Արձինբային:
Նրա խոսքով՝ աբխազական արտադրության ձկան ալյուրով և ձկան յուղով բեռնված նավը կալանվել է չեզոք ջրային գոտում և տեղափոխվել վրացական Փոթի նավահանգիստ: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, իսկ տեղեկությունն այդ մասին ընկերությունը ստացել է հինգշաբթի:
«Վրացական իշխանությունները կալանավորել են նաև 9 հոգուց կազմված անձնակազմին, որոնցից երկուսը՝ ՌԴ-ի, երկուսը՝ Ուկրաինայի, մնացածը Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասել է Արձինբան:
Աբխազիայի իշխանություններից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չեն ստացվել:









































