Ֆրանսիայի հրեա ուսանողների միությունը (UEJF) 38.5 մլն եվրոյի դատական հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ կապված կայքում ռասիստական կամ հակասեմական հաղորդագրությունների հեղինակների մասին տեղեկություն տրամադրելու դատարանի պահանջը չկատարելու հետ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ UEJF-ի անդամները դիմել էին դատարան՝ կապված Twitter-ում #unbonjuif և #unjuifmort հեշթեգներով («լավ հրեա» և «մահացած հրեա») հակասեմական հաղորդագրությունների հայտնվելու հետ: Վրդովմունք առաջացրած հաղորդագրությունները հեռացվել էին, սակայն միության փաստաբանները իրենց դիմումը հետ չեն վերցրել: Բացի այդ՝ ավելի ուշ հայտնվել են հաղորդագրություններ՝ #unbonnoir («լավ սևամորթ») և #siJetaisNazi («եթե ես նացիստ լինեի») հեշթեգներով:
Ֆրանսիայի հրեա ուսանողների միության ղեկավար Ջոնաթան Հայունը հայտնել է, որ այդ թուիթների անանուն հեղինակներին պաշտպանելով՝ նրանք դառնում են հանցակիցներ և հարթակ տրամադրում ռասիստներին ու հակասեմականներին:











































