Վիճակագրության համաձայն` Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումները կրճատվել են 30 տոկոսով: Սա անխուսափելիորեն ազդում է ոչ միայն մեր hանրապետության տնտեսության վրա գլոբալ առումով, այլ նաև մեր բնակչության այն ստվար հատվածի վրա, որն առավել կամ պակաս չափով կախված է այդ փոխանցումներից:
«Եթե ՀՀ մյուս հատվածներում այս վիճակն ինչ-որ կերպ կարելի է մեղմել, ապա Գյումրիում և առհասարակ հանրապետության հյուսիսային հատվածում, որտեղ ավանդաբար ռուսական տնտեսության ազդեցությունն ավելի մեծ է, նկատվում է ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացում ու սոցիալական ֆոնի մռայլացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Լուսինե Խաչատրյանը: Նա նկատեց, որ ուզենք կամ չուզենք այդ թվերը հրապարակել կամ ոչ, կամ թե ինչպիսի մեղմացումով հրապարակել, միևնուն է՝ առկա է փաստը. մարդկանց գնողունակությունը նվազել է, ինչի թիվ մեկ ցուցիչներից մեկը հենց ներքին ապրանքաշրջանառության նվազումն է գրեթե 5,2 տոկոսով:
«Իհարկե, ապրանքաշրջանառության նվազումը կապված է նաև բնակչության թվի նվազման հետ, ինչի թիվ մեկ «մեղավորը» արտագաղթն է, բայց սրա կողքին չենք կարող նաև չասել, որ մարդիկ էլ ի վիճակի չեն նախկինի նման առևտուր անել, արածի ծավալներն էլ հատկապես Գյումրիում կրճատվել են՝ սահմանափակվելով առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում»:
Վարդան Ավագյանը երեսունհինգ տարեկան է, մասնագիտությամբ շինարար: Ռուսաստան գնում է արտագնա աշխատանքի արդեն տասը-տասներկու տարի:
«Ռուսաստանում լավից-վատից էլի աշխատանք կա, վարձատրություն կա, կաշխատիս, մի կերպ համ դու յոլա կերթաս, համ էլ ընտանիքիդ կպահես: Էստեղ հենց էդ աշխատանքը չկա: Տեղում եթե մարդկանց էդ աշխատանքով ապահովեն, հեչ մարդ էլ աչքը ջուր չէ կտրե՝ ելնի-գնա օտարի շնչի տակ աշխատի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդանը:
«Էստեղ խանութները կնայես, հա գործ կա` բանվորություն, ամիսն էլ 30-40 հազար դրամ: Էդ եղավ գո՞րծ, ամիսը 30-40 հազարով ընտանիք կպահե՞ս»,- հարցնում է վաթսունյոթամյա գյումրեցի թոշակառու, նախկին էլեկտրատեխնիկ, այժմ անհատ տաքսիստ Ալբերտ Բաղդասարյանը և հավելում. «Համարյա յոթանասուն տարեկան մարդ եմ, որ տղերքս թողնեն, ես էլ իրենց հետ կգնամ խոպան կաշխատիմ: Երեք տղա ունեմ, երեքն էլ Տյումենում են արդեն երկար տարիներ: Երկուսն արդեն ընտանիքներին էլ տարել են: Ինչ էնենք: Չեղավ՝ մենք էլ փոքր տղայիս ընտանիքով կելնենք-կգնանք: 180 արյան ճնշումը վրաս՝ տաքսի եմ կանգնել, որ էլի մե բանով օգնեմ, տված թոշակը բանի նման չէ»:
Մեզ հետ զրույցներում եղան նաև գյումրեցիներ, ովքեր դժգոհեցին և արտագնա աշխատանքի պայմաններից ու վարձատրությունից: Եթե նախկինում, օրինակ, վարպետ պատշարը ստացել է ամսական 80 հազար ռուբլի, ապա այսօր այն կազմում է 50 հազար ռուբլի:
«Ռուբլու փոխարժեքային տատանումները, ռուսական դրամական փոխանցումների կրճատումը Գյումրիում կոնկրետ ևս մեկ խնդիր են առաջ բերել: Իմ մոտավոր հաշվարկներով՝ Գյումրիում ամեն տասը չափահաս բնակչից յոթը կամ ութը ուղղակի կամ որպես երաշխավոր՝ մտած է վարկային բեռան տակ: Ու հիմա Գյումրիում լուրջ խնդիր է վարկերի վերադարձման խնդիրը: Մարդիկ փող չունեն, ի՞նչ անեն: Գիտեմ մարդկանց, ովքեր վարկ են վերցրել, գնացել են խոպան, որ աշխատեն, բերեն-փակեն, մի բան էլ իրենց մնա ապրեն, սակայն լավ չի եղել տարին ու էդպես մնացել են օդից կախված: Նայեք դատարանի քաղաքացիական հայցերը: Տասից ութը ուշացած վարկերի ու բռնագանձումների մասին են:
Էս դեպքում չես էլ կարող կտրուկ միջոցների դիմել, սոցիալական սթրես առաջացավ, պայթյունը սարերի հետևում չի լինելու, առանց այն էլ քաղաքում մարդիկ էն հոգեվիճակում են, որ ամեն բանի պատրաստ են` էլ կորցնելու բան չունեն: Բանկերը սա հասկանում են, դատարաններն էլ, երբեմն համոզելով, երբեմն մի փոքր կոշտ միջոցներով փորձում են վարկերը հետ բերել: Բայց որ կտրուկ քայլեր եղան, դե, գիտեք, սա Գյումրին է, ինչ ասես՝ կարող է լինի, սկսած փողոց դուրս գալուց: Իսկ սոցիալական խնդիրն այն եզակիներից է, որի համար գյումրեցիները մի մարդու նման դուրս կգան փողոց»,- ամփոփեց տնտեսագետ Լուսինե Խաչատրյանը:







































