Օրերս Գյումրիի Շահումյան 188 շենքի բնակիչներն արթնացան ու տեսան, որ իրենց շենքի բակի սալահատակը քանդում են, իսկ քանդման պրոցեսն էլ հսկվում է ոստիկանական ուժերի կողմից: Հետաքրքրվեցին, ու պարզվեց՝ ոստիկանական հենակետ են կառուցում: Բնակիչները դժգոհ են` քաղաքում էլ տեղ չկա Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից Խաչքարերի պուրակո՞ւմ պետք է ոստիկանական հենակետ լինի և հետո հո ամբողջ քաղաքը ոստիկանական հենակետեր չեն լինելու, իրենք էլ մարդ են, հո վայրենի գազա՞ն չեն, որ իրենց ոստիկանական հսկողություն սահմանվի:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ դա ոստիկանության ծրագիրն է, որպեսզի Երևանի նման Գյումրիում ևս քաղաքի մարդաշատ վայրերում դրվեն հենակետեր: Տարածքի ընտրությունը կատարվել է ոստիկանության կողմից:
Արդյոք ՀՀ ոստիկանապետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տեղյա՞կ է, որ աղավաղվում է Խաչքարերի պուրակը և արդյոք ինքն է ընտրե՞լ այդ վայրը:
Հիշեցնենք, որ տարածքը յուրահատուկ խորհուրդ ունի գյումրեցիների համար: Մի կողմում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին է` Անիի մայր տաճարի «երկվորյակը», իսկ տարածքում էլ դրված են Ջուղայի` ազերիների կողմից պղծված խաչքարերի կրկնօրինակները, որոնք, ըստ նախագծի, պետք է շատանան՝ տարեցտարի ընդգրկելով ազերիների կողմից գազանաբար ոչնչացված ողջ պատմամշակութային ժառանգությունը: Տարածքում կա նաև երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, որը ավելի շատ եղբայրական գերեզմանի խորհուրդ ունի աղետ տեսած գյումրեցու համար:














































