«Մատաղիսի» գործով արդարացվածներն ընդդեմ ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայցադիմումի քննությունը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր կրկին հետաձգվել է:
Անցյալ դատական նիստին հայցվորները լրացրել էին հայցադիմումը՝ պահանջելով 300 հազար դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Պատասխանող կողմը ժամանակ էր խնդրել լրացմանը ծանոթանալու համար և ըստ ամենայնի ծանոթացումը շարունակվում է:
Հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են պարտավորեցնել նախկին պաշտոնյային հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել: Հիշյալ երեք անձանց նկատմամբ արդարացման դատավճռի կայացումից մի քանի օր Գ.Ջհանգիրյանը հարցազրույցում հայտարարել էր՝ մարդասպաններին ազատեցին:










































