Քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայի ներսում տեղահանված անձանց թիվը կազմում է 4 միլիոն: Այս մասին հայտարարել է բրիտանական մայրաքաղաքում գտնվող Սիրիայի արաբական Կարմիր մահիկի ղեկավար Աբդուլ Ահմադ Ատարը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Սիրիայի ներսում գտնվող փախստականների թիվը կրկնակի գերազանցում է ներքին տեղահանվածների թվաքանակի նախկին ցուցանիշը: 24.5 մլն բնակչություն ունեցող Սիրիայի ևս մոտ 1 մլն բնակիչ ապաստան է գտել արտերկրում:
Սիրիայի արաբական Կարմիր մահիկը բաշխում է ՄԱԿ-ի պարենամթերքի համաշխարհային ծրագրի տրամադրած մարդասիրական օգնությունը: ՄԱԿ-ի տրամադրած պարենամթերքը այժմ ստանում է 2 մլն սիրիացի: Ծրագիրը նախատեսում է մինչև ապրիլ մեծացնել մատակարումների ծավալը, որից կկարողանա օգտվել 2.5 մլն մարդ:
Ատարի խոսքով՝ ներկայում մթերք է ստանում կարիքավորների միայն կեսը: Երկրում զգացվում է տաք ծածկոցների, առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս: Երկիրը դեղորայքի սուր կարիք ունի՝ հավելել է նա:










































