Պակիստանի անվտանգության ուժերը Կարաչիում ձերբակալել են Wall Street Journal-ի լրագրողին սպանած ենթադրյալ մարդասպանին՝ Քարի Աբդուլ Հային, որը «Լաշկար-է-Ջանգվի» խմբավորման նախկին ղեկավարներից է: Վերջինս կասկածվում է 2002թ. ամերիկյան Wall Street Journal թերթի հարավասիական բյուրոյի ղեկավար Դենիել Փերլին սպանելու ու Պակիստանում բազմաթիվ ահաբեկչություններ իրականացնելու մեջ՝ հայտնում է ABC news-ը:
Քարի Աբդուլ Հային ձերբակալվել է կիրակի:
Հիշեցնենք, որ Դենիել Փերլն անհետացել էր 2002թ. հունվարի 13-ին՝ Կարաչիում, որտեղ իր խմբագրության հանձնարարությամբ նյութեր էր հավաքում արմատական մուսուլմանական խմբավորումների մասին:
Նրա անհետացումից հետո մի շարք տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ներ էլեկտրոնային նամակով ստացել էին սպառնալիքներ՝ պահանջելով ազատ արձակել Աֆղանստանում պահվող պակիստանցի քաղաքացիներին, որոնք կռվում էին թալիբների կողմից ու տարվել էին Գուանտանամոյի բազա: Հակառակ դեպքում սպառնում էին Փերլին մահապատժի ենթարկել:
Փետրվարի 21-ին Կարաչիում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը ստացել էր տեսանյութ՝ լրագրողի դաժան սպանության կադրերով:
2002թ. մայիսին Պակիստանում հայտնաբերվել էր ամերիկացի լրագրողի աճյունը:











































