Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատասխան նամակը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը և հայտնել, որ կառավարությունը բացահայտ ստում է այդ նամակում: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Նա մի քանի մեջբերումներ է կատարել նամակից.
«Նամակում գրված է, որ «նույնիսկ համաձայնեցված չէ խորհրդարանում նախագահի ելույթի ամսաթիվը»: Այդ ամենը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Դուք գիտեք, որ ամեն ինչ համաձայնեցվել է: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի ղեկավարը, եղել են հեռուստառեպորտաժներ այն մասին, թե որ ժամին կլինի ելույթը, ինչպիսին կլինի ընթացակարգը: Դա տեսել է ողջ Վրաստանը: Կառավարությունը բացեիբաց ստում է: Այնուհետև գրված է՝ «նախագահի համար սովորույթ է ուշանալը կամ ընդհանրապես չհայտնվելը նախկինում ծրագրված ելույթին, ինչը վկայում է այն մասին, որ նա պատշաճ կերպով չի հարգում խորհրդարանին»: 9 տարում ես տասնյակ հազարավոր հանդիպումների եմ մասնակցել, որպես կանոն, չեմ ուշացել և միշտ հայտնվել եմ ժամանակին»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքով՝ ցավոք սրտի, սուտը դարձել է իրենց հաղորդակցության ոճը: «Ես խոսում եմ կառավարական հաղորդակցության մասին, և դա ինձ շատ է անհանգստացնում»,- հայտարարել է նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարցում իրենք սովոր էին ստով գործել, սակայն եվրոպացիներին խաբել չի կարելի:
Նա նշել է, որ առաջիկայում Վիլնյուսի գագաթնաժողովն է, որը Վրաստանին կտա ԵՄ մուտքի հնարավորություն: Նա կառավարությանն առաջարկել է միասին մշակել կոնցեպցիա՝ նշելով, որ մեկ անգամ արդեն Վրաստանը բաց է թողել ԵՄ և ՆԱՏՕ տանող գնացքը, որն իր հետ տարել էր Լիտվան, Լատվիան և Էստոնիան:







































