Ազատության հրապարակում անուններ հնչեցնելը կարող է ավելի շատ բացասական հետևանքներ ունենալ, քան դրական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի Ազատության հրապարակում ստվերային կառավարության վերաբերյալ քննարկումներին, որոնց ժամանակ որպես կառավարության ներկայացուցիչ իր անունը ևս հնչեցվել է:
Վահան Թումասյանի խոսքով՝ ինքը վաղուց է որոշել, որ բացի հասարակական գործունեությունից՝ որևէ քաղաքական կամ պետական գործի չի գնալու: Ըստ նրա՝ դրական է, որ քաղաքական նոր տեխնոլոգիաներ են մտնում, նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում:
«Բայց սրան շատ լուրջ վերաբերվել չարժե: Ազատության հրապարակում անուններ հայտարարելը կարող է ավելի բացասական հետևանքներ ունենալ, քան դրական: Սակայն սա այլընտրանքային տեսակետ է, այլընտրանք՝ իշխանությանը: Այս կերպ հասարակությանը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, ՀՀ-ում կան մարդիկ, որոնք անհամեմատ ավելի ազնիվ են, լավն են, քան գործողները»,- նշեց Վահան Թումասյանը:
Նրա կարծիքով՝ ստվերային կառավարության ձևավորումը դրական է նաև այն իմաստով, որ նոր ազդակներ կփոխանցի հասարակությանը: Վահան Թումասյանի խոսքով՝ եթե նույնիսկ նոր իշխանություններ ձևավորվեն, այդ անունները կառավարության կազմում տեղ կգտնեն:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները երեկ Ազատության հրապարակում հանրային քննարկում անցկացրին ստվերային կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Հանրային քննարկման բանախոսներից Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որոշ անուններ, որոնք, իր կարծիքով, կարող են լինել նոր ստվերային կառավարության կազմում: Ցանկում ընդգրկված էին մի քանի տասնյակ գործիչների անուններ, այդ թվում՝ «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի անունը:








































