«Իմ առողջությունը լավ է, ինձ լավ եմ զգում, շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, Սփյուռքի և Արցախի ժողովրդին իմ առողջությամբ հետաքրքրվելու համար»,- այսօր լրագրողների հետ բացօթյա հանդիպմանը ասաց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր ինձ այցելեց նաև ՀՀ ոստիկանապետը, և մենք առանձնացանք Ազատության հրապարակում, քննարկեցինք ստեղծված վիճակը: Նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, ցանկացավ, որ այլ եղանակով շարունակեմ պայքարը: Այցելեցին նաև տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ից. դա քաղաքավարական, զորակցական այց էր»,- հայտնեց նա:
Նախագահի նախկին թեկնածուն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը և մասնավորապես այն հանգամանքին, որ Վ. Պուտինը համոզիչ հաղթանակի համար շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ նշելով ավելի բարձր՝ 60 տոկոս, և ռուսերենով ասաց. «Գասպադին Պուտին օշիբայետսա: Այսպիսի հարաբերություններ չեն լինում, ժողովրդի ձայնը գողանալու ձևով երկկողմ հարաբերություններ չեն լինում, հենց ժողովրդի հետ պետք է լինի Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը»:
Ր. Հովհաննիսյանը նաև նշեց, որ ինքը կողմնակից է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որովհետև փորձը ցույց է տվել, որ բոյկոտով հարց չի լուծվում. «Ես կողմ եմ մասնակցային քաղաքականությանը: Նրանք, ովքեր մտածում էին, թե բոյկոտով կարող են որևէ բանի հասնել, սխալվեցին: Մասնակցությամբ, հաղթանակը գյուղ առ գյուղ բերելով է հնարավոր հաղթել: Ես ինքս չեմ մասնակցի, իսկ ավելի մանրամասն կհայտարարենք ուրբաթ օրվա հանրահավաքին»:











































