Բանտից ազատված ամերիկացին այդ առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ սպանել է տատին ու պապին, այնուհետև առևանգել նրանց ավտոմեքենան,- հաղորդում է Fox News-ը:
Երկու տարեց մարդկանց մարմինները հայտնաբերվել են Սիեթլում մարտի 9-ին: Սպանության մեջ կասկածում են նրանց թոռանը՝ 26-ամյա Մայքլ Բոյսենին: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանությունը նշում է, որ հանցագործը զինված է և ծայրահեղ վտանգավոր:
Ոստիկանության տվյալներով՝ Բոյսենը մարտի 8-ին ազատ է արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր երեք ավազակային հարձակումների համար: Քրեակատարողական հաստատությունից նրան տարել են տատիկն ու պապիկը, ովքեր տոն են կազմակերպել նրա համար: Ենթադրվում է, որ նա չի պատրաստվել երկար մնալ, քանի որ նրա համար սենյակ նախապատրաստել էին միայն մեկ օրվա համար:
Ըստ իրավապահների՝ երկու զոհերն էլ սպանվել են, սակայն նրանք հրաժարվում են նշել մահվան պատճառը՝ հայտնելով, որ երկուսն էլ հրազենային վերքերից չեն մահացել:
Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունը դժվարանում է նշել տղամարդու այդպես վարվելու պատճառները: Ներկա դրությամբ, կատարվածի ոչ մի տրամաբանական բացատրություն գոյություն չունի:










































