DPA գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին զգուշացրել է չդադարեցնել քրդերի հետ հաշտեցման գործընթացը՝ կապված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու հետ։
«Աշխարհի բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք։ Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու ահաբեկիչների հարձակումներից, սակայն կարևոր է, որ այդ միջոցները լինեն համաչափ և չհանգեցնեն հակամարտության սրման՝ առանց դրա որևէ կարիքի։ Որևէ ահաբեկչական ակտ չպետք է խանգարի խաղաղ, քաղաքական որոշման փնտրտուքին միտված ջանքերին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Թուրքիան ուրբաթ սկսել է F-16 կործանիչներով ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն հուլիսի 28-ին քննարկելու է Թուրքիայի անվտանգության հարցը։










































