Երեկ «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ զրույցում փորձեց պարզել ի՞նչ կարծիքի է խորհրդարանական խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու առաջարկի վերաբերյալ և արդյոք դրա արդյանքում հնարավոր կլինի՞ հասնել հիմնական խնդիրների լուծմանը: «Ժառանգության» ներկայացուցիչը համարում է, որ մանդատները վայր դնելը տեսականորեն անխուսափելի կդարձնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե գործնականում որքանով է դա հնարավոր և արդյոք քաղաքական ուժերի մոտ նկատվո՞ւմ է մանդատները վայր դնելու և Ր. Հովհաննիսյանի շարժմանը աջակցելու տրամադրվածություն, այս կապակցությամբ պարոն Սաֆարյանն ասաց.
«Եթե ասեմ, որ ընդհանուր առմամբ ժողովրդական շարժումը քաղաքական ուժերի կողմից լուրջ աջակցություն է ստանում, ճիշտ չի լինի: Ցավոք, այս իրավիճակը դեռ նախագահական ընտրություններից առաջ էր: Բայց, այնուամենայնիվ, հետընտրական շրջանում նրանց վարքագիծը նույն կերպ է դրսևորվում, և այն դեպքում, երբ ընտրություններից հետո հասկանալի էր, որ եթե պահանջում էին փոփոխություններ, ապա սա ամենառեալ շանսերից մեկն է՝ երկրում փոփոխությունների հասնելու համար»:









































