Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը բավարար չափով զարգացած չեն և առաջին հերթին ուղղված են երկրի հեղինակությունը բարձրացնելու և տարածաշրջանային ազդեցությունն ուժեղացնելու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի ամենամյա զեկույցում, որը նվիրված է ժամանակակից վտանգներին:
Զեկույցում նշվում է, որ Փխենյանն իր միջուկային հնարավորություններին նայում է որպես միջազգային հեղինակության բարձրացման միջոց:
«Մենք ցածր ենք գնահատում Հյուսիսային Կորեայի միջուկային զենքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ կիրառելու հնարավորությունը»,- ասվում է զեկույցում:
Դրա հետ մեկտեղ հետախուզության ղեկավարը նշել է, որ միջուկային ծրագրի ապագա զարգացումը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը:
Զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկայի ծրագիրը զարգացնում է սեփական անվտանգությունն ամրապնդելու, հեղինակությունը բարձրացնելու և տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու համար:
«Մենք չգիտենք՝ արդյոք Իրանը որոշել է վերջիվերջո արտադրել միջուկային զենք»,- ասվում է զեկույցում:








































