Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2010թվականին, երբ նոր էր նշանակվել նախարար, իր խոսքերով, անհանգստանում էր՝ վախենալով չկարողանալ կառավարել ոլորտը, սակայն այժմ, ըստ նրա, ոլորտում հսկայական հաջողություններ են արձանագրվել: «2010-ին կարևոր որոշումներ ընդունեցինք, որոնք օգնեցին մեր աշխատանքը նորմալ կազմակերպել, ունեցանք աղետների ռիսկերի կառավարման պլատֆորմ: 2011-12 թթ. կարողացանք ստեղծել ճգնաժամային կառվարման կենտրոնը, որը և տարածաշրջանում է լավագույններից մեկը և ԱՊՀ երկրներում, հագեցած է տեխնիկայով»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նախարարն անհանգստանում էր նաև 911 ծառայություն ստեղծելիս՝ մտածելով, թե չի կարողանալու ճիշտ կազմակերպել, բայց այսօր զանգերի 52.4 տոկոսը հենց 911 գծին է գալիս: «Օրվա ընթացքում ստանում ենք 4-5 հազար զանգեր, բոլոր ուղղություններով աշխատում ենք»,- ասել է Արմեն Երիցյանը: Թե ինչու 911 և ոչ թե 112, նախարարը պատասխանել է, որ այն «ավելի հոգեհարազատ է»:
Նախարարը նշել է, որ Ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվելու մարզերում, այժմ՝ Լոռիում, Տավուշում, Շիրակում, Սյունիքում: Արմեն Երիցյանն ասել է, որ կան հրշեջ փրկարարական ջոկատներ և ցանկացած վայրից, երբ ահազանգում են, անմիջապես ուղարկվում է փրկարարական ջոկատը: Կենտրոնից հասանելի է տեղեկատվությունը, թե երբ դուրս եկավ ջոկատը, երբ հանգցրեց կրակը, որքան ջուր օգտագործեց, որքան բենզին և այլն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջերս հայտարարեց, որ ընդունում է աշխատանքի հաշմանդամների: Արմեն Երիցյանն ասել է, որ պետք է ընդունեն 30 հաշմանդամի, այս պահին աշխատում են 14-ը և նախարարության լավագույն աշխատողներն են:










































