Հակաահաբեկչական գործողության շրջանակներում Թուրքիայի 22 քաղաքներում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախարարների կաբինետի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների մեջ 27 օտարերկրյա քաղաքացի կա: Հատուկ գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին Թուրքիայի ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական գործողություն է իրականացրել: Դրան մասնակցել է ավելի քան 5000 ոստիկան, այն ուղղված է եղել երիտասարդական ապօրինի կազմակերպությունների դեմ:
Հակաահաբեկչական գործողության ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և ձախ խմբավորումների միջև, ինչի հետևանքով զոհվել է «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) ձախակենտրոն խմբավորման անդամ:
Ավելի վաղ հակաահաբեկչական գործողություն իրականացվել է Ստամբուլի 6 թաղամասում: Դրա մանրամասները չեն հաղորդվում:
DHKP-C ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատու է 2013թ. մայիսին թուրքական Հաթայում ահաբեկչությունների համար, որոնց հետևանքով 46 մարդ է զոհվել, վիրավորվել 155 հոգի, հիշեցնում է Trend-ը:
Այս տարվա մարտի 31-ին այդ խմբավորման անդամները Ստամբուլում պատանդ են վերցրել դատախազ Սելիմ Քիրազին, այնուհետև սպանել:









































