«Բարսելոնա»-ի մարզիչ Խորդի Ռոուրան «Միլան»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Տիտո Վիլանովան բավականին ինտենսիվ կերպով դիտում ու վերլուծում է խաղերը: Ես զարմացած եմ, որ նա կարողանում է այդ քանակությամբ խաղեր դիտել այն պարագայում, որ այդպիսի ծանր բուժում է անցնում: Մենք էլ փորձում ենք այնպես անել, կարծես Տիտոն մեզ հետ է, կարծես հենց նա է պատրաստում թիմին խաղին:
Մենք ամեն ինչ վերլուծել ենք ու պատրաստվել ենք այս խաղին: Հիմնականում որոշել ենք, թե ովքեր են խաղալու, բայց մեկ-երկու դիրքերում կան կասկածներ:
Մեզ սառը գլուխներ են հարկավոր: Չի կարելի խաղի և ոչ մի դրվագում կորցնել կենտրոնացվածությունը: Մենք կարող ենք երկու գոլ խփել ինչպես երկու րոպեում, այնպես էլ 90»,- ասել է Ռոուրան:












































