Հունաստանի խորհրդարան մտցված կառավարական օրինագծերի երկրորդ փաթեթը վերաբերում է բանկերի աշխատանքին, աճուրդներով պարտապանների ունեցվածքի վաճառքին, դատական վարույթներին: Օրինագծերի ընդունումը վարկատուներն առաջ են քաշել որպես պարտադիր պայման Հունաստանին ավելի քան 80 մլրդ եվրո օգնության տրամադրման ծրագրի վերաբերյալ երրորդ հուշագրի կնքման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կից նամակում կառավարությունը խնդրում է օրինագիծն ընդունել հուլիսի 22-ին՝ ընդունման այդ ժամկետը նախատեսված է հուլիսի 12-ի և 13-ի բանակցությունների արդյունքներով վարկատուների հետ համաձայնությամբ:
Օրինագծից հանվել են հողագործների հարկման և թոշակային համակարգի (թոշակի անցնելու ժամկետների վերաբերյալ) բարեփոխումները, դրանք կընդգրկվեն հաջորդ փաթեթում և կքննարկվեն օգոստոսի սկզբին:
Օրինագիծը ներառում է, մասնավորապես, փոփոխություններ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և որպես օրենքներ ԵՄ դիրեկտիվների ընդունումը, որոնք պաշտպանում են 100.000 եվրոյից պակաս ներդրումները և նախատեսում խնդիր ունեցող բանկերի առողջացում:






































