«Խորհրդարանական ընտրությունները բավականին բարդ էին, բայց ՕԵԿ-ը կարողացավ 5-րդ անգամ ապացուցել իր մրցունակությունը: Մեզ համար պատվաբեր է, որ 5-րդ անգամ մասնակցում ենք ընտրություններին և անցնում խորհրդարան: Բայց այս անգամ մասնակցում ենք ավագանու ընտրություններին՝ հաղթելու վճռականությամբ, որովհետև ներկայացրել ենք մրցունակ թիմ: Արմեն Երիցյանը հրաշալի կազմակերպիչ է: Նա կարողացավ ոտքի հանել ՀՀ փրկարար ծառայությունը»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և հավելել, որ իրենք ներկայացրել են բավական մրցունակ թիմ և ծրագիր, քանի որ Երևանում կան լուծելի բազում խնդիրներ:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Ազատության հրապարակում հացադուլի դիմած Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ծայրահեղ քայլին՝ ասելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ անգամ դիմել է այդ քայլին, և չէր ցանկանա, որ նրա այդ փորձը կիրառելի դառնա ՀՀ-ում: «ՍԴ-ն քննության առարկա է վերցրել նախագահի երկու թեկնածուների դիմումները: Պարզ է, որ հասարակության մի ստվար հատված քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Որպես ակտիվ գործիչ, կուզենայի, որ ընտրեր այլ ճանապարհ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը և այդ ճանապարհները համարել 4-ը՝ ճանաչել ընտրությունների արդյունքները և դառնալ ընդդիմության առաջնորդ, չճանաչել արդյունքները և համախմբել ընդդիմադիր դաշտը, չճանաչել արդյունքները և ոչ սահմանադրական մեոթոդներով շարժվել, ինչը կարող է ունենալ վատ հետևանքներ հասարակության համար, և գտնել մեխանիզմներ իշխանությունների հետ խնդիրը լուծելու:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ պետք է ընդունենք, որ ընտրությունները մի քայլ առաջ էին, պետք է ընդունենք նաև, որ լավ չեն ապրում մեր քաղաքացիները, կա կոռուպցիա. «Կան պաշտոնյաներ, որ 20 տարի նույն պաշտոնին են, ի՞նչ է, ուրիշ մարդ չկա՞: Մենք պետք է ազատվենք հղփացած, լճացած պաշտոնյաներից: Կան տեղական իշխանիկներ, որից ժողվուրդը խորշում է»:









































