Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Զինվորի վրա «քֆուր» են դրել, ստորացրել են պատիվն ու արժանապատվությունը․ նա ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես դիտորդ:

Մարտական հերթապահության մեկնած ժամկետային զինծառայող, շարքային Սարո Ս.-ին կրտսեր սերժանտ Կարապետյանը տեղեկացրել է, որ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելու, նստելու, սաղավարտը հանելու, զենքը ցած դնելու համար իր՝ ջոկի հրամանատարի կողմից սահմանված է հայհոյանք: Դատական ակտում նշված է, որ Սերյոժա Կարապետյանը դրսևորել է «անարդար բծախնդրություն, հոգեբանական ճնշումներ է գործադրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն, օգտվել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանի թողտվությունից և պարբերաբար տեսնելով շարքային Սարոյի կողմից որոշ խախտումներ՝ հայհոյելով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

2012 թվականի մայիսի 23-ի ցերեկը Սերյոժա Կարապետյանը Սարո Ս.-ին 2 անգամ հերթապահելիս տեսել է նստած ու սաղավարտը հանած վիճակում, մայիսի 26-ի ցերեկը հերթապահության ժամանակ զինվորին տեսել է նստած:

Մայիսի 29-ին նա Սարոյին հերթապահության ժամանակ տեսել է նստած ու քնած: Վիճաբանել է զինվորի հետ, ապտակել է նրան, հասկացրել է, թե հերթապահության ժամանակ նստող կամ քնող զինվորն իրեն «հավասարազոր անձնավորություն չէ»:

Մայիսի 31-ին Սերյոժա Կարապետյանը Սարոյին տեսել է հերթապահության ժամանակ նստած, հիշեցրել է իր սահմանած հայհոյանքի մասին, հայհոյել է Սարոյին, ձեռքերով հրել է նրան, հետո ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Սարո Ս.-ն պատասխան հարվածներ չի հասցրել, պահանջել է, որ Կարապետյանն իրեն չծեծի, ասել է, թե նա զորամասում իրեն պատասխան է տալու:

Սերյոժա Կարապետյանը սպառնացել է զորամասում այլ անձանց ներկայությամբ հրապարակել Սարոյին արատավորող տեղեկությունները՝ հասկացնելով, որ խախտումների ու հայհոյանքի տակ ընկնելու պատճառով այդ զինվորի «կարգավիճակը» զինծառայողների միջավայրում փոխվելու է:

Հունիսի 1-ին, ժամը 7-ն անց 30-ի սահմաններում  Սարոյին խրամաբջջում հերթապահության ժամանակ նստած տեսնելով՝ Կարապետյանը հիշեցրել է հայհոյանքի մասին, արհամարհել է զրուցելու՝ զինվորի խնդրանքը, և հեռացել է:

Զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ դատական ակտի՝ Սարո Ս.-ի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Նա նույն այդ օրը, դատական ակտի համաձայն, իրեն ամրակցված զենքով գետնատնակում ինքնասպանություն է գործել:

Սերյոժա Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված նաև այն բանի համար, որ պարբերաբար օգտվել էր դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, ուրիշներից անբասիր ծառայություն պահանջելով՝ ինքը ոչ պատշաճ է կատարել մարտական հերթապահության կրման՝ հերթացուցակով նախատեսված ծառայությունը և բազմիցս ուշացումով է փոխարինել շարքային Սարո Ս.-ին, ինչի հետևանքով Սարոն, ըստ դատական ակտի, «հայտնվել է անելանելի վիճակում, իր հանգստի հաշվին Սերյոժա Կարապետյանի փոխարեն պարտադրված լրացուցիչ կատարել է հերթափոխի պարտականությունները»:

Սերյոժա Կարապետյանը մեղադրվել է ևս մի զինծառայողի՝ Արթուր Մ.-ին հայհոյելու, քաշքշելու, ծեծելու համար:

Ըստ տուժող Արթուր Մ.-ի՝ իր հիշելով՝ դեպքից հետո Սերյոժան ասել էր. «Սարոն ինքնասպան եղավ ու մեզ դայաղ արեց, գոնե իջնեինք, նոր իրան սպաներ»:

Ժամկետային զինծառայող, շարքային Արմենակ Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, բազմիցս, առանց դիրքի ավագի թույլտվության, թողել է մարտական հենակետը, տարբեր պատրվակներով գնացել է հարևան հենակետ:

Բացի այդ, մայիսի 30-ին, օգտվելով դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, Սերյոժա Կարապետյանի ներկայությամբ բռնություն է գործադրել շարքային Սարո Ս.-ի նկատմամբ, հաշիվ է պահանջել իրեն խաբելու՝ հազար դրամից ավելի գումար ունենալու հանգամանքը թաքցնելու համար: Զինվորի նկատմամբ բռնության գործադրումը ծանր հետևանքներ է ունեցել, նաև այդ արարքն է պատճառահետևանքային կապի մեջ դիտարկվել՝ հունիսի 1-ին Սարո Ս.-ի կատարած ինքնասպանության հետ:

Ռազմիկ Խանյանը՝ դիրքի ավագը, մեղադրվել է այն բանի համար, որ ինքն էլ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, պարբերաբար չի կատարել մարտական հերթափոխները, ինքնակամ լքել է մարտական դիրքը, ինչպես նաև դրսևորել է իշխանության անգործություն:

Հունիսի 1-ին, ժամը   8-ին մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերելով շարքային Սարո Ս.-ի դիակը՝ ավագ լեյտենանտ, դիրքի ավագ Խանյանը  պատշաճ չի պահպանել դեպքի վայրը, լրացրել է զինվորի հանդերձանքը, ձեռք է տվել զենքին:

Տուժող Սարո Ս.-ն նոր էր ավարտել ծառայությունը ուսումնական գումարտակում: Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում մասնակցել էր զորահանդեսին: Հետո տասնօրյա արձակուրդ էր ստացել, տուն էր գնացել լավ տրամադրությամբ:

Ծառայության վերադառնալուց հետո մարտական հերթապահության նշանակվել էր առաջին անգամ: Մինչև զորակոչվելը սովորել էր Եվրոպական համալսարանում:

Սարոյի մայրն ասել է, թե որդին, փաստաթղթերի համաձայն, պիտանի չի եղել շարային ծառայության համար, սակայն նրան տարել են մարտական դիրքեր՝ հերթապահություն իրականացնելու:

Հնարավոր է՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով է զինվորը հաճախ նստել հերթապահության ժամանակ, բողոքել հոգնածությունից ու ոտքերի ցավից…

Տուժողի իրավահաջորդը հնարավոր չի համարել, որ Սարոն ինքնասպան լիներ: Ըստ ծնողի՝ նա ոչ մի պատճառ չուներ այդ քայլին դիմելու համար: Նա բնավորությամբ շուտ կոտրվող կամ ներշնչվող չի եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը Սերյոժա Կարապետյանին դատապարտել է վերջին հաշվով 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 22-ից:

Արմենակ Ավետիսյանը վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 2-ից:

Ռազմիկ Խանյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և նա ազատվել է պատժի կրումից:

Դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքներ է բերել ամբաստանյալներ Սերյոժա Կարապետյանի և Արմենակ Ավետիսյանի մասով՝ արդարացման կամ պատժի մեղմացման առումով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և մեղադրողը:

Ըստ մեղադրող Հարոյանի՝ երեք ամբաստանյալների նկատմամբ էլ ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ պատիժներ է սահմանել, նշանակված պատիժները, մեղադրողի խորին համոզմամբ, չեն կարող նպաստել պատժի նպատակների իրագործմանը:

Մեղադրողը միջնորդել է պատժի մասով բեկանել դատավճիռը,

5 տարի ազատազրկման դատապարտված Սերյոժա Կարապետյանին վերջին հաշվով դատապարտել 9 տարի ազատազրկման:

4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արմենակ Ավետիսյանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի 6 ամիս ազատազրկման:

3 տարի ազատազրկման դատապարտված, համաներմամբ ազատ արձակված Ռազմիկ Խանյանին վերջին հաշվով դատապարտել 6 տարի ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը այս գործը քննել է վերաքննության կարգով: Գործը վերաքննիչ դատարանի վարույթում է մոտ յոթ ամիս:

Դատարանը լսեց կողմերի ճառերը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Եգորյանն ասաց. «Այս ատյանը, ի զարմանս մեր՝ գործը քննեց վերաքննության կարգով, բայց այդպես էլ չհասավ արդարացի քննության…»:

Ըստ Եգորյանի՝ գործով որպես անվիճելի ելակետ է ընդունվել այն հանգամանքը, որ Սարոն ինքնասպան է եղել: Ընտրվել են երեք անձինք, ովքեր պիտի պատասխան տան դրա համար, որպեսզի «փաստաթղթերով ամեն բան իր տեղը գցվի»: Սակայն փաստերը, ըստ տուժող կողմի, այլ բան են ասում՝ Սարոն ինքնասպան չի եղել…

Ըստ Եգորյանի՝ մեղադրական եզրակացությունից դուրս է մնացել անգամ տուժողին ինքնասպանության հակելու հարցը, երեք ամբաստանյալները մեղադրվել են զինծառայողների կանոնագրքային կանոնների խախտումների համար միայն…

Մահը, որպես առանձին հետևանք, առանձնացվում է էական վնասից ու ծանր հետևանքից… Այլ արարքների կատարման համար այս մարդկանց մեղադրել են, դրա մեջ տեղավորել են տուժողին ինքնասպանության հասցնելը, որ ստեղծեն համաչափության պատրանք՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով…

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ գործի նյութերից չի բխում, որ Սարոն կարող էր ինքնասպան լինել այն եղանակով, որը նկարագրված է մեղադրական եզրակացության մեջ:

Գործով կատարված փորձաքննությունների եզրակացություններում հաճախ հանդիպող «ամենայն հավանականությամբ» արտահայտությունը կասկածի տակ է դնում այդ եզրակացությունների հավաստիությունը:

Տուժող կողմի համոզմամբ՝ ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ երկու դատական ատյաններում ուշադրություն չի դարձվել գործի բոլոր հանգամանքների բացահայտմանը: Մասնավորապես՝ չի հայտնաբերվել զենքը, որից, տուժող կողմի համոզմամբ, կատարվել է տուժողի սպանությունը:

Տուժողի զենքի փողի վրայից վերցված նմուշներում չեն հայտնաբերվել տուժողի թքի հետքերը, հետևաբար, ըստ տուժող կողմի, զենքը չի գտնվել տուժողի բերանի խոռոչում, ուրեմն մահվան պատճառն այդ զենքը լինել չէր կարող…

Ըստ Եգորյանի՝ գործով միայն մեկ բան է բացահայտված՝ որ հաստատված չեն տուժողի կողմից ինքնասպանություն գործելը և այդ ինքնասպանության մեջ ամբաստանվող անձանց մեղավորությունը:

Տուժող կողմն ընդգծեց, որ չեն բացահայտվել տուժողի մահվան իրական պատճառները, բոլոր իրական մեղավորները, և չկան երաշխիքներ, որ իրական մեղավորները կպատժվեն:

Հետևաբար, տուժողի մահվան համար ներկայումս ամբաստանվող անձանց մեղավորությունը պետք է համարվի չապացուցված: Վերաքննիչ ատյանը պետք է արձանագրի նախաքննական բոլոր խախտումները, ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլ տրված բոլոր խախտումները, և պետք է վերջ դրվի կյանքի իրավունքի խախտման այսօրինակ պրակտիկային…

Ինքնասպան եղած զինվորի մայրն ասաց. «Տեղի է ունեցել սարսափելի ոճրագործություն, բայց գլխավոր մեղավորը ազատ շրջում է… Սա մի բազմահատոր գործ է, որ երեք տարի է՝ թերթում ենք և ոչինչ չենք բացահայտում… Ինձ մեկ բան է պետք՝ որ բացահայտվի, թե ով է սպանել իմ որդուն… Խոսք չի կարող լինել ինքնասպանության մասին…»:

Ամբաստանյալ Սերյոժա Կարապետյանն իր ճառում ասաց, թե երեք տարի երկու ամիս այս գործով կալանքի տակ է: Ինքը ոչ մի բան չի արել, բայց իրեն դատապարտել են: Միաժամանակ Կարապետյանը կոչ արեց դատարանին, որ եթե իր նկատմամբ մեղմ վարվեն, ապա թող ամբաստանյալ Արմենակ Ավետիսյանի նկատմամբ նույնքան կամ հազար անգամ ավելի մեղմ լինեն, որովհետև Ավետիսյանը լիովին անմեղ է…

Սերյոժա Կարապետյանը պատիժների խստացում պահանջող մեղադրողի հետ խոսեց այլ ոճով. «Օր կգա, մեր բախչեն էլ գարուն կգա, իսկ ձեր բախչեն՝ ձմեռ…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Եգորյանն էլ նշեց, որ եթե տուժող կողմն ասում է, թե ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, դա չի նշանակում, թե նրանք երեքն էլ զերծ են կատարվածի համար  պատասխանատվությունից: Ըստ տուժող կողմի՝ նրանք՝ երեքն էլ, գիտեն, թե ինչ է կատարվել իրականում, բայց չեն ասում. «Էս պատասխանատվությունը դուք կրելու եք ամբողջ կյանքում…»:

Երկու ամբաստանյալները վերջին խոսքում մեղմություն խնդրեցին  վերաքննիչ դատարանից, իսկ Արմենակ Ավետիսյանն արդար դատավճիռ խնդրեց՝ ասելով, թե ինքը կատարվածի հետ ոչ մի կապ չունի:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բոլոր վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում