Հովհաննես Մանուկյանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու և ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու շաղկապումը ուղղակի անհեթեթ է: ՀՅԴ-ն հիմա կոալիցիայի մաս չի կազմի, թեև մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ի և իշխանության բանակցությունները ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու դեպքում այս կուսակցությանը հասանելիք պաշտոնների մասով ավարտված են:
Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ն չի ցանկանում իշխանություն ունենալ, կամ նա ինչ-որ բարդույթներ ունի պաշտոններ զբաղեցնելու հարցում, քավ լիցի՝ ՀՅԴ-ն վաղուց արդեն չի տառապում կույս ձևանալու սինդրոմով և պատրաստ է հնարավորինս շատ հաճույք ստանալ իր ներկա զառամյալ կարգավիճակից՝ հասկանալով, որ հետո այլևս նման հնարավորություն կարող է և չլինել: Բայց ՀՅԴ-ին իշխանության կերակրատաշտին մոտենալու համար ինֆորմացիոն առիթ է պետք, քաղաքական հիմնավորում: Իսկ այդպիսին կարող է լինել միայն Սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստի վերջնական տարբերակի համաձայնեցումը, որտեղ ՀՅԴ-ն կարող է տեսնել իր պահանջների բավարարումը:
2009թ. ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրելուց հետո: Այդ արձանագրությունները արդեն հետ են կանչվել խորհրդարանից, և ՀՅԴ-ի իշխանությունների հետ համագործակցության արտաքին քաղաքական խոչընդոտը վերացված է: Ինչ մնում է ներքաղաքական խոչընդոտին, ապա ՀՅԴ-ն ուզում է, որ անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգի և խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով կազմակերպելու տարբերակին: ՀՅԴ-ն համարում է, որ այդ դեպքում կուսակցությունների, մասնավորապես իրենց քաղաքական կշիռը ավելի կմեծանա, և կուսակցությունները կկարողանան ավելի ազդեցիկ մասնակցություն ունենալ իշխանության ձևավորման գործում: Իհարկե, ՀՅԴ-ն կարող է էլի ինչ-որ առաջարկություններ ներկայացնել սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին և դրանց ընդունման դեպքում հայտարարել, որ իշխանության հետ սկզբունքային տարաձայնությունները հաղթահարված են:
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դաշինքը, որը կա արդեն տևական ժամանակ, կհրապարակայնացվի աշնան կեսերին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը մեկ ամիս առաջ: Բայց, ըստ մեր աղբյուրների, դա չի լինի կոալիցիոն հուշագիր, որովհետև խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կարիք չունի կոալիցիայի: Ամենայն հավանականությամբ երկու կուսակցությունները կստորագրեն համագործակցության համաձայնագիր, որը կվերաբերի ինչպես կառավարության կողմից ՀՅԴ-ին ինչ-որ մասնաբաժին տալուն, այնպես էլ ՀՅԴ կողմից իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը պաշտպանելուն: Այս գործարքը կկնքվի մեկուկես տարվա ժամկետով՝ մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, հետագա երկարացման պայմանով:
Դաշնակցությունում հասկանում են, որ իրենք կորցրել են հանրության աջակցությունը և այլևս չեն կարող ոչ թե 5, այլ նույնիսկ 0,5-տոկոսանոց արգելքը հաղթահարել: Իսկ երբ որևէ կուսակցություն կորցնում է հանրային աջակցությունը, նրա միակ հույսը մնում է իշխանությունը և նրա ունեցած վարչական ռեսուրսի աջակցությունը: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն պաշտպանելով սահմանադրական փոփոխությունների իշխանության նախագիծը՝ հույս ունի, որ իշխանությունն էլ հնարավորը կանի 2017-ին ՀՅԴ-ի մուտքը խորհրդարան ապահովելու համար: ՀՅԴ-ի համար իդեալական կարող է լինել ՀՀԿ-ի հետ միասին ընտրություններին մասնակցելը, բայց ՀՀԿ-ն հասկանում է, որ երկու խայտառակությունների միավորումը ծնում է ավելի մեծ խայտառակություն:
Այնպես որ, պետք է այս ամառը ինչ-որ կերպ անցկացնել, և միայն աշնանը սպասել ՀՀԿ-ՀՅԴ գործարքի կայացմանը՝ հույս ունենալով, որ գործարքի արդյունքում ՀՅԴ-ն կստանա գոնե այնքանը, որքան կորցրել է 2009թ. դրսևորած սկզբունքային դիրքորոշման արդյունքում, երբ այդ կուսակցությունը ֆորմալ առումով հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիային, բայց ոչ ֆորմալ շարունակեց սնվել իշխանությունից, և ոչ ֆորմալ ծառայել իշխանությանը: Իսկապես ինչ իմաստ ունի այս խաղը, երբ հասարակությունը ոչ մի տարբերություն չի տեսնում ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջև, և բացարձակապես նույն չափով է զզվում է ՀՀԿ-ից, որքան ՀՅԴ-ից:










































