Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին։
«Ես Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում եմ 2013 թվականի ամռանից, որը տարածաշրջանի երեք ճգնաժամերից մեկն է։ Այսօր մեզ մոտ՝ Վաշինգտոնում, Մոսկվայում ու Փարիզում, ի հայտ է եկել հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու հնարավորություն, և դա մեր առաջադրանքն է։
Հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, և մենք ձգտում ենք դրան։ Վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 4 անգամ։ Նրանք բազմամյա լռությունից հետո մեկուկես ժամանոց տետ-ա-տետ հանդիպում են ունեցել 2013 թվականի նոյեմբերին՝ Վիեննայում, և հանգել այն եզրակացության, որ կցանկանային զարգացնել փոխհարաբերությունները խաղաղ հենքով։
Վիեննայից հետո նախագահները հանդիպեցին ևս երեք անգամ. նախ Սոչիում՝ հյուրընկալվելով նախագահ Պուտինի մոտ, ապա Ուելսում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մոտ, և ոչ վաղ անցյալում՝ հոկտեմբերին, հանդիպեցին Փարիզում՝ նախագահ Օլանդի մոտ։ Ներկայումս մենք աշխատում ենք, որ տեղի ունենա ևս մեկ հանդիպում»,- ասել է ամերիկացի համանախագահը։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Ուորլիքը հայտարարել է, որ դրանք հակամարտության խաղաղ կարգավորման հիմքն են։









































