Երկուշաբթի օրը Պլուտոն գաճաճ մոլորակին մոտեցած New Horizons զոնդը Երկրի հետ կապի վերջին սեանսներից մեկի ժամանակ Երկիր է փոխանցել Պլուտոնի նոր բարձրորակ սև-սպիտակ կադրեր, որոնք ստացվել են LORRI և Ralph տեսախցիկներով: Դրանցում կարելի է տեսնել լավ նկատելի «սիրտ» մոլորակի հասարակածային լայնություններում: Բացի դրանից՝ զոնդը NASA է ուղարկել Հարոնի և Պլուտոնի նոր «ընտանեկան լուսանկարներ»՝ հայտնում է RIA Novosti-ն:
2015թ. հունվարին New Horizons-ը սկսել է մոտենալ Պլուտոնին: NASA-ի գիտնականների հաշվարկով՝ New Horizons-ը, որն արդեն պատմության մեջ է մտել որպես Երկրից երբևէ արձակված տիեզերական սարքերից ամենաարագը, գաճաճ մոլորակից նվազագույն տարածության՝ 12,5 հազար կիլոմետրի վրա կլինի հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 15:49-ին:
Պլուտոնին մոտենալիս դրան կհետևեն բոլոր 7 գիտական գործիքները, որ ունի զոնդը: Սպասվում է, որ սարքը մոտ 150 չափում կանի, այդ թվում՝ կուսումնասիրի մոլորակի կազմությունը, երկրաբանությունը, դրա մակերևույթի ջերմաստիճանը, ռելիեֆը, կստուգի՝ արդյոք «ընդհանուր» մթնոլորտ ունե՞ն Պլուտոնն ու դրա արբանյակ Հարոնը:
Այդ ընթացքում զոնդը ժամանակավորապես կընդհատի կապը Երկրի հետ՝ իր ողջ «ուշադրությունը» կենտրոնացնելով գաճաճ մոլորակի և դրա արբանյակի ուսումնասիրության վրա:








































