Քանի որ արևայրուքը միշտ նորաձև է, այն կարելի է ձեռք բերել նաև կոսմետիկ միջոցներով: Ճիշտ է, այն երկար չի տևում, սակայն արդյունքը միշտ էլ ցանկալի է: Իրականում համաչափ արևայրուք ընդունելը դժվար է. դա համբերություն և հետևողականություն է պահանջում: Կարևոր է հիշել, որ արևը մաշկին մեծ վնաս է հասցնում, դրա համար էլ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք չէ երկար մնալ արևի տակ:
Խորհուրդներ բաց մաշկով մարդկանց
1. Լողափում արևայրուք ընդունելուց առաջ որպեսզի այրվածքներ չստանաք, մոտ մեկ շաբաթ օրումեջ պետք է հաճախել սոլյարիի՝ 15 րոպեով: Այդ դեպքում ձեր մաշկը խոցելի չի լինի, և դուք համաչափ արևայրուք կընդունեք:
2.Պետք է հիշել, որ արևի ամենաբարձր ակտիվությունը, որ վնասակար է առողջությանը, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն է: Այդ ժամերին չպետք է լինել լողափում: Լողափում հայտնվելու առաջին օրը սահմանափակվե՛ք 15 րոպեով, այնուհետև աստիճանաբար ավելացրե՛ք ժամանակը մինչև 2 ժամ:
3. Ավելի համաչափ արևայրուքի համար պետք է 10 րոպեն մեկ փոխել դիրքը. լավ կլինի ոչ թե անընդհատ պառկել լողափին, այլ զբաղվել այլ բաներով, օրինակ՝ վոլեյբոլ խաղալ:
4. Լողափ գնալուց առաջ արևապաշտպան քսո՛ւք օգտագործեք: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ քսուքը չպարունակի գլիցերին կամ վազելին. դրանք այրվածքներ են առաջացնում: Չի կարելի օգտագործել կոկոսի յուղ:
5. Արևահարությունից խուսափելու համար անպայման գլխա՛րկ կրեք կամ սրբիչով ծածկե՛ք գլուխը: Հորիզոնական դիրքում գլուխը պետք է փոքր-ինչ բարձր լինի, որպեսզի արյան շրջանառությունը ճիշտ կատարվի:
6. Չի կարելի ջրում կամ ջրի մոտ երկար մնալ, որովհետև ջուրը անդրադարձնում է արևի ճառագայթները և մեծացնում նրա վնասակար ազդեցությունը: Լողալուց անմիջապես հետո արևապաշտպան քսո՛ւք օգտագործեք:
7. Լողափում գտնվելուց և լողալուց հետո անմիջապես ցնցո՛ւղ ընդունեք և օգտագործե՛ք արևայրուքից հետո գործածվող միջոցներ: Ծովի ջուրը չորացնում է մաշկը: Շատ օգտակար է ձիթապտղի յուղը:








































