ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այն կարևորագույն հարցերը, որոնք քննարկվել էին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղղված փաստաթղթում ասվում է, որ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն պահպանել ներկայիս ստատուս քվոն, ապա դա կարող է ավելի վատ վիճակի տանել երկիրը հատկապես 2012 թ. ընտրությունների համատեքստում:
«Հստակ նշվում է, որ այն բարեփոխումները, որոնք անում են ՀՀ իշխանությունները, գովելի են, բայց այնուամենայնիվ քիչ են, դրանք պետք է ունենան իրական գործառույթ, ինչի համար պետք է քաղաքական կամք, գործնական աշխատանք և քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է փոփոխություն իշխանությունների տրամաբանության մեջ»,- մանրամասնեց Փոստանջյանը և հավելեց, որ փաստաթղթում նաև նշվում է, թե այսօր առկա օրենսդրական դաշտը հնարավորություն տալիս է, որ իշխանությունները լինեն ժողովրդավար և գործեն՝ հարգելով մարդու իրավունքները, սակայն պրակտիկան և մեր իշխանությունների մենթալիտետն ու տրամաբանությունը թույլ չեն տալիս, որ այդ օրենքները գործեն:
Փոստանջյանը նշեց, որ այս գնահատականները չափազանց կարևոր են և մատնանշում են, որ բոլորն հասկանում են, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։
Հիմա կարևոր է, որ դա հասկանան նաև ՀՀ իշխանությունները ու դրանք իրականացնելու քաղաքական կամք դրսևորեն:










































