Այսօր հրավիրված բանավեճի ընթացքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը փորձում էին երկխոսել և հասկանալ, թե ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ընթացքում առաջ քաշած երեք պահանջները, որից հետո ջրբաժանը կվերանա, և իշխանությունն ու ընդդիմությունը կանցնեն երկխոսության, որքանո՞վ են ենթակա լուծման:
Մկրտիչ Մինասյանը ասաց, թե իշխանությունը շարունակելու է այն քայլերը, որոնք որդեգրել է, և նկատեց, թե իշխանության վերջին քայլերից կարելի է ենթադրել, որ իշխանության կողմից երկխոսության հնարավորություն կա: «Կան խնդիրներ, որոնց շուրջ կարելի է բանակցել և երկխոսել: Քաղաքական բարի կամքը կա, ինչի մասին ասել է նաև երկրի ղեկավարը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Արձագանքելով Մինասյանին՝ Սուրեն Աբրահամյանը ասաց, որ իրենց համար ամենակարևորը և՛ երեկ, և՛ այսօր երկրի ապագան է եղել և ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նկատեց, որ այսօր երկիրը գտնվում է կոլապսի առաջ թե՛ Ղարաբաղի խնդրի չլուծվելով, թե՛ տնտեսական դժվարություններով: Սուրեն Աբրահամյանի խոսքերով, Հայաստանում երբեք այնքան դժվար չի եղել ապրելը, որքան այսօր։
ՀԱԿ անդամը նկատեց, որ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած երեք պահանջները մեկ օրվա լուծելիք խնդիրներ են, որից հետո ջրբաժանը կքանդվի, ու հնարավորություն կստեղծվի ընդդիմության և իշխանության միջև երկխոսելու 15 պահանջների շուրջ. «Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը վեր կանգնի տղայական սկզբունքներից` երկխոսությունը ավելի առարկայական և իրատեսական կլինի, այնինչ այսօր իշխանության կողմից երկխոսելու ցանկություն չեմ տեսնում»,- նշեց Աբրահամյանը:









































