ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաստատել է, որ մինչև այս տարվա վերջ դաշինքը կորոշի՝ հրավիրե՞լ Մոնտենեգրոյին անդամակցության, թե՞ ոչ: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կգնահատեն տվյալ հարցում այդ երկրի առաջընթացը՝ գրում է RIA Novosti-ն:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք համաձայնել ենք, որ Մոնտենեգրոյին անդամակցության հրավիրելու որոշումը կընդունվի այս տարվա վերջին: Դա նշանակում է, որ մեր արտաքին գործերի նախարարները դեկտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կգնահատեն Մոնտենեգրոյի ձեռք բերած առաջընթացը այնպիսի հարցերում, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, ռազմական բարեփոխումները, պաշտպանական ծախսերը: Եվ այդ ժամանակ մենք կորոշենք՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ դաշինքը երկխոսություն է նախաձեռնել Մոնտենեգրոյի հետ: Մասնավորապես, վերջերս գլխավոր քարտուղարն անձամբ եղել է այնտեղ, այս շաբաթ Մոնտենեգրոյի արտաքին գործերի և արդարադատության նախարարները կայցելեն ՆԱՏՕ, իսկ աշնանը Հյուսիսատլանտյան խորհրդի ամբողջ կազմը կայցելի Մոնտենեգրո:











































