Marca-ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային գոհացրել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը:
«Ոչ-ոքին` «Սանտիագո Բերնաբեու»-ում, կարելի է շատ լավ արդյունք համարել. «Ռեալ»-ը չափազանց ուժեղ թիմ է: 1:0 հաշվի ժամանակ մենք պետք է ավելի ակտիվ ճնշում գործադրեինք Կասիլիասի դարպասին: Ինչևէ, ես պնդում եմ, որ «Ռեալ»-ը շատ ուժեղ թիմ է: Ինչ վերաբերում է Մոուրինյոյի խաղադաշտ հանած կազմին, ես չեմ ցանկանում քննարկել այն: Ես պետք է իմ հարցերը հոգամ: Կառանձնացնեմ միայն Պեպեին. նա շատ լավ ֆուտբոլիստ է: Պետք է ասեմ, որ մենք մրցակցից սպասում էինք նման դասավորություն: Մեր խնդիրը խաղադաշտի կենտրոնում առավելություն ստանալն ու հարձակման գծում ազատ գոտիներ ստանալն էր»:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասին Գվարդիոլան ասաց հետևյալը. «Ես չգիտեմ` ինչ կպատահի այդ խաղում, քանի որ նման հանդիպումներում ամեն ինչ հնարավոր է: Իսկ Իսպանիայի առաջնության մնացած հանդիպումներում կաշխատենք հաղթել, որ նվաճենք երկրի չեմպիոնի կոչումը: Մենք դեռ չեմպիոն չենք դարձել»: