Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Էրդողանը նշել էր, որ ժողովրդի կամքն իրենց համար վեր է ամեն ինչից: Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանն այս անգամ գրավոր հայտարարություն է տարածել, մինչդեռ սովորաբար ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակից հետո նա դուրս էր գալիս ԱԶԿ-ի գրասենյակի պատշգամբ, ողջունում դրա մոտ հավաքվածներին և հայտարարություն անում:
Թերթն ուշադրություն է հրավիրել նաև Էրդողանի հետ կապված ևս մեկ ուշագրավ հանգամանքի վրա: Թերթն ընդգծել է, որ 13 տարի շարունակ ամեն առիթով ելույթ ունեցող Էրդողանը պատմության մեջ առաջին անգամ 48 ժամվա ընթացքում չի երևացել տեսախցիկների առջև:
Թերթը հիշեցնում է, որ նախընտրական շրջանում Էրդողանը չի ցուցաբերել անկողմնակալություն՝ ինչպես որ պետք է աներ երկրի նախագահը, և որ մարտի 10-ից սկսած՝ ուղիղ եթերով նրա ելույթների հեռարձակումները կազմել են 367 ժամ և 23 րոպե: Բացի այդ, վերջին 30 օրվա ընթացքում Էրդողանը մասնակցել է ուղիղ 127 տարբեր հաղորդումների:
Էրդողանը նախընտրական շրջանում՝ մայիսի 9-ից սկսած, այցելել է բազմաթիվ նահանգներ, հանդիպումներ է ունեցել նահանգապետերի ու քաղաքապետերի, ինչպես նաև տեղաբնակների հետ:
Ընտրություններից մեկ օր առաջ, երբ Թուրքիայում «լռության օր» էր, նա քաղաքական քարոզչություն է իրականացրել Արդահանի ու Աղրըի (Արարատ) նահանգներում: Բացի այդ, 1 ամսվա ընթացքում նա կատարել է արտասահմանյան 3 ուղևորություն (Գերմանիա, Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա)՝ կապված Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների հետ:











































