Հունաստանի միջազգային վարկատուները հունական իշխանություններին առաջարկել են երկարացնել ֆինանսական օգնության ծրագիրը մինչև 2016 թվականի մարտ՝ սոցիալական ծախսերի, մասնավորապես՝ կենսաթոշակների նվազեցման, ինչպես նաև հարկերի բարձրացման դիմաց։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցությունների մոտ աղբյուրներին։
Վարկատուներին զիջումների չգնալու հունական իշխանությունների դժկամությունը հարցականի տակ է դնում ողջ համաձայնագրը։ Հունաստանի համար ներկայիս ֆինանսական օգնության ծրագիրն ավարտվում է հունիսին, և որքան կողմերը շատ ձգձգեն բանակցությունները, այնքան ավելի շատ ներդրողներ գումար դուրս կբերեն հունական ակտիվներից՝ այդպիսով կրճատելով պարտքերը վճարելու հունական իշխանությունների մանևրումների հնարավորությունները։
Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ միջազգային վարկատուների հետ և պայմանավորվել երկու կողմերին բավարարող որոշման մասին մինչև ամսվա վերջ, երբ կլրանա ճգնաժամից երկրի դուրս բերման ծրագրի ժամկետն ու երկիրը կհայտնվի դեֆոլտի առջև։











































