Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կնոջ` Էմինե Էրդողանի և դուստր Սումեյե Էրդողանի հետ միասին Ստամբուլում մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Ընդգծվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ է երկրի նախագահի կարգավիճակով մասնակցում քվեարկությանը: Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու ցուցանիշը բարձր է:
Նրա խոսքերով` այսօրվա ընտրությունները երկրին կբերեն անվտանգություն ու կայունություն, ինչից մեծապես կշահի նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը ցանկություն էր հայտնել, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանա առնվազն 330 պատգամավորական մանդատ:
Բանն այն է, որ 330 պատգամավորական մանդատը (խորհրդարանի 3/5) անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ԱԶԿ-ը կարողանա խորհրդարանում քվեարկության դնել նոր Սահմանադրության նախագիծը, որն առաջին հերթին նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի («Մեկ մարդու ռեժիմի»):
Նոր Սահմանադրության ընդունման համար արդեն անհրաժեշտ է 367 քվե (խորհրդարանի 2/3-ի աջակցությունը), որին երբևէ չի կարողացել հասնել երեք անգամ անընդմեջ (2002, 2007, 2011) Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ԱԶԿ-ը:
Եթե խորհրդարանը չընդունի նոր Սահմանադրության նախագիծը, ապա այն կարող է ԱԶԿ-ի կողմից դրվել հանրաքվեի, և այդ դեպքում անկասկած է, որ այն կընդունվի` հաշվի առնելով ԱԶԿ-ի բարձր համբավը և քրդերի հնարավոր աջակցությունը:










































