Ալ Պաչինոն շուտով կիրականացնի իր կյանքի երազանքը՝ «Նապոլեոնը և Բեթսին» ֆիլմում կմարմնավորի Նապոլեոն Բոնապարտին: Այս մասին հայտնում է tele.ru-ն:
75-ամյա դերասանը երեխայի նման ուրախանում է: «Ես շատ դերեր եմ ունեցել, բայց աշխարհում ամենից շատ ես ուզում էի Նապոլեոն դառնալ»,- ասել է Ալ Պաչինոն: «Նապոլեոնը և Բեթսին» ֆիլմը պատմում է զորավարի վերջին օրերի մասին: Դերասանը նշում է, որ արտաքինով նման չէ Նապոլեոնին, բայց դա նրան չի շփոթեցնում:
«Մարդիկ չգիտես ինչու կարծում են, որ ես անպայման պետք է նման լինեմ իմ հերոսին, այդ դեպքում ինչի՞ համար են գրիմ անողները: Իմ խնդիրն է հանդիսատեսին հասցնել Նապոլեոնի բնավորությունն ու շարժուձևը»,- ասում է դերասանը:
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2015թ. նոյեմբերին:








































