«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, թերևս, հաշվետվություն լսելու ցանկություն ունի»,- նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով առաջիկայում սպասվելիք ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին:
Մելիքյանի խոսքերով, Միացյալ Նահանգները համանախագահ երկրներից մեկն է, և այդ հանդիպումը սպասելի էր: Սակայն, ըստ Մելիքյանի, ուշագրավն այն է, որ եթե Ռուսաստանը կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և սովորաբար այդ հանդիպումների ժամանակ մոտակայքում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները, ապա ԱՄՆ-ն համանախագահների հետ հանդիպումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ:
Մելիքյանի դիտարկմամբ, որևէ էական փոփոխության այս հանդիպումից պետք չէ սպասել. «Ժամանակաշրջանն այնպիսին է, որ կարող են անակնկալներ լինել, բայց մեզ համար վտանգավոր իրական որևէ բան այս պահին ես չեմ տեսնում: Տարածաշրջանն ինքնին լի է անհանգստություններով, և իմ կարծիքով` առաջիկա մեկ տարվա ընթացքում կտրուկ շարժի հավանականություն չի լինի»:











































