Վերջին շրջանում եղանակը Սերժ Սարգսյանին հակառակ է գործում կամ էլ ճիշտ Սերժ Սարգսյանի օգտին: Հիշեցենք, որ նա գյուղնախարարության ոլորտի պատասխանատուներից դրական տեղաշարժ է պահանջել, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին շաբաթվա եղանակի դրսևորումները, շատ հավանական է, որ եղանակի անբարենպաստ պայմանները բացասաբար կանդրադառնան բեքատվության վրա: Սակայն սա մի կողմից էլ իշխանությունների համար օգտակար է, քանի որ ձախողումները հերթական անգամ կարող են բարդել գյուղնախարարության վրա:
Այսօր գյուղնախարարույթան բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանից փորձեցինք ճշտել, թե վերջին օրերի անբարենպաստ եղանակային պայմանները հնարավո՞ր է, որ առաջիկայում բացասական ազդեցություն թողնեն բերքատվության վրա: «Ներկա պահին ձեռքիս տակ է առաջիկա հինգ օրվա եղանակը: Հանրապետությունում անձրև սպասվում է, բայց «մինուս» ջերմաստիճան չկա: Մինուս կա Վայոց ձորի լեռներում՝ – 3 -8 աստիճան, սակայն սա էական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այստեղ ո՛չ ծաղկած ծառ ունենք, ո՛չ էլ խնդիր»,- տեղեկացրեց Գագիկ Մանուչարյանը:
Մեր դիտարկմանը, թե՝ ուրեմն, ցրտահարություններ առաջիկա օրերին չեն սպասվի, բուսաբուծության վարչության պետն արձագանքեց. «Չէ, չէ , եթե հանկարծ նման ահազանգ լինի, մենք անպայման բոլորին կզգուշացնենք, որ համպատասխան միջոցների դիմեն»:








































