Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդես է եկել երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ հազվագյուտ խոստովանությամբ:
«Սա շատ դժվար տարի էր մեր տնտեսության համար»,-հայտարարել է Ահմադինեժադը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում նա նախանշել է հաջորդ տարվա իր կառավարության բյուջեի նախագիծը:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին՝ իր վիթխարի տնտեսական հզորությունը մասշտաբներով զգալիորեն փոքր տնտեսություն ունեցող Իրանի նկատմամբ անարդար ճնշում գործադրելու հարցում կիրառելու համար: Այս մասին հայտնում է MIGnews-ը:
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետների հաշվարկով՝ ԵՄ պատժամիջոցները Իրանին զրկել են 40 մլրդ դոլարից: 2013-ի հունվարին Իրանում ածխաջրածինների արդյունահանման ծավալը 30 տարում հասել է նվազագույնի՝ օրական 2.65 մլն բարելի, մինչդեռ մինչ պատժամիջոցների սահմանումը երկիրն օրական արդյունահանել է 3.7 մլն բարել:
Հունվարի վերջին Իրանը դադարեցրել է նավթի և գազի մատակարարումները Եվրամիություն՝ երկրի դեմ սահմանված էմբարգոյին ի պատասխան: