ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ռուսաստանը ճնշում է «Արևելյան գործընկերության» երկրներին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Մայիսի 21-22-ը Ռիգայում անցկացվել է «Արևելյան գործընկերության» ԵՄ ծրագրի թվով 4-րդ գագաթնաժողովը։ Ծրագրում ներառված են նախկին ԽՍՀՄ հանրապետությունները՝ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Բելառուսը։ 2014 թվականին Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։
«Մենք մտադիր ենք աջակցել հետագա նախաձեռնություններին, որոնք խթանում են ժողովրդավարությունն ու որակյալ կառավարումը, ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացմանը «Արևելյան գործընկերության» երկրներում։ Դա հատկապես կարևոր է ողջ տարածաշրջանում ռուսական բարձր ճնշման ու ապատեղեկատվության պայմաններում»,- ասվում է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ։










































