Բրյուսելում 47 եվրոպական երկրներ որոշել են ներդաշնակեցնել օրենքները՝ դժվարացնելու գրոհայինների մեկնումը թեժ կետեր։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Միջազգային ջիհադիզմի դեմ պայքարի ուժեղացման համար Եվրոպայի խորհրդի կազմի մեջ մտնող 47 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են ներդաշնակեցնել իրենց օրենսդրությունները։ «Տարբեր պետությունների ոստիկանությունները կարող են դիմել միմյանց՝ իրենց սահմաններին օտարերկրացի կասկածյալ գրոհայինների ձերբակալության դեպքում»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը։
Յագլանդի խոսքով՝ գրոհայինների հայտնվելը թեժ կետերում դժվարացնելու, հետախուզումը հեշտացնելու և ջիհադիստներին հետապնդելու այնպիսի գործողությունները, ինչպիսիք են մասնակցությունն ահաբեկչական նպատակներ հետապնդող խմբավորումներին, ուսուցումը ահաբեկչական ճամբարներում, կքրեականացվեն Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում։ Համակարգման բարելավման համար կստեղծվի տվյալների փոխանակության շուրջօրյա համակարգ։
Ուժի մեջ մտնելու համար նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնագիրը պետք է վավերացվի բոլոր 47 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։






































