Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Իրերը իրենց անունով կոչելու ժամանակը կամ Մեծ հայրենականի առասպելը

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Եվրոպայում ռազմական գործողությունների ավարտի տարելիցն առիթ է՝ հիշեցնելու համար, որ իրերն իրական անուններով կոչելն անհրաժեշտ է՝ դրանց իրական բնույթը հասկանալու համար:

ԽՍՀՄ-ի օրոք հորինված «Հայրենական մեծ պատերազմի» մասին առասպելը հետապնդել է իրականությունը քողարկելու նպատակ: Մինչ այժմ այդ առասպելին հավատացողները չեն ցանկանում ընդունել, որ Եվրոպայում ռազմական գործողությունների ողջ ժամանակահատվածը՝ 1939թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1945թ. մայիսի 8-ը (հենց մայիսի 8-ը, երբ ստորագրվել էր Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը բոլոր դաշնակիցների ներկայությամբ, ոչ թե 9-ը, երբ ստորագրումը Ստալինի պահանջով կրկնվեց, որպեսզի Գ. Ժուկովը հանդես գար որպես գլխավոր դերակատար) պետք է որպես մի ամբողջություն դիտարկվի.

1941թ. հունիսի 22-ից սկսված խորհրդա-գերմանական պատերազմը դրա մի մասն էր, որը չի կարող ամբողջից ավելի կարևոր լինել: Առասպելը ԽՍՀՄ-ին ներկայացնում է մինչև 1941թ. հունիսի 22-ը խաղաղ աշխատանքով զբաղված և դավադիր հարձակման ենթարկված զոհի ու այնուհետև աշխարհի փրկչի դերում՝ կոչված լինելով մոռացության տալ այն փաստը, որ ԽՍՀՄ-ը Երկրորդ աշխարհամարտի սանձազերծման համար պատասխանատու ագրեսորներից մեկն էր:

Բռնատերեր Ի. Ստալինի և Ա. Հիտլերի փոխհամաձայնության հիման վրա ԽՍՀՄ-ը 1939թ. սեպտեմբերի 17-ին դավադրաբար հարձակվել էր Լեհաստանի վրա՝ զավթելով այդ երկրի տարածքի մի մասը (այնուհետև 1940-41թթ. ընթացքում ԽՍՀՄ-ում թողարկված քարտեզներում Լեհաստանը նշված չէր. ԽՍՀՄ-ն ու Գերմանիան նշված էին որպես սահմանակից երկրներ): 1939թ. նոյեմբերին ԽՍՀՄ-ը հարձակվեց չեզոք Ֆինլանդիայի վրա (ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» կառավարությանն օգնելու պատրվակով) և 3 ամսից քիչ ավելի տևած պատերազմի արդյունքում զավթեց նրա տարածքի մի մասը (հետագայում ԽՍՀՄ-ը Ֆինլանդիային ստիպեց դառնալ Գերմանիայի դաշնակիցը՝ կրկին հարձակվելով և Հելսինկին ռմբակոծելով 1941թ. հունիսի 25-ից սկսած՝ չնայած արևմտյան ճակատում Կարմիր բանակի կրած խայտառակ պարտություններին): 1940թ. ԽՍՀՄ-ը բռնակցեց Էստոնիան, Լատվիան և Լիտվան, նաև Ռումինիային վերջնագիր ներկայացնելով՝ զավթեց նրա տարածքի մի մասը (հետագայում սա դարձել էր գերմանական հարձակման պատճառներից մեկը. ԽՍՀՄ-ն անմիջական սպառնալիք էր ստեղծել Գերմանիայի համար կենսական նշանակություն ունեցող ռումինական նավթահորերի համար, և բացի այդ՝ Կարմիր բանակի ստորաբաժանումների կուտակումը Ռումինիայի և Գերմանիայի սահմանների մոտ շարունակվում էր ընդհուպ մինչև 1941թ. ամառ): Մինչև 1941թ. հունիսը ԽՍՀՄ-ը նաև սննդամթերք և հումք էր մատակարարում Գերմանիային՝ վերջինիս օգնելով զավթել Ֆրանսիան, Հարավսլավիան ու մի շարք չեզոք երկրներ և կռվել միայնակ մնացած Մեծ Բրիտանիայի դեմ:

Բացի այդ, «Հայրենական մեծ պատերազմի» մասին առասպելը կոչված էր թաքցնելու մի շարք այլ տհաճ փաստեր. օրինակ՝ «խորհրդային ժողովրդի միասնական հերոսական պայքար» չի եղել. մոտ 1,5 միլիոն կարմիրբանակայիններ ուղղակի գերմանացիների կողմն էին անցել, իսկ ևս մի քանի միլիոնը փախուստի էին դիմել: Արդյունքում սահմանային գոտում կուտակված և հարձակման, ոչ թե պաշտպանության նախապատրաստված ստորաբաժանումները գերմանացիներին հանձնեցին ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ և այլ գույք:

Մյուս տհաճ փաստերից մեկն էլ այն է, որ գերմանական հարձակումը փաստացի ուղեկցվել է քաղաքացիական պատերազմով. մինչ օրս էլ ռուսական քարոզչությունը շարունակում է խորհրդային ավանդույթը՝ փնովելով «բանդերականներին» և «անտառային եղբայրներին», բայց բուն Ռուսաստանի տարածքում ևս եղել են կոմունիստների դեմ աշխարհազոր կազմելու դեպքեր՝ մինչ գերմանացիների կամ նրանց դաշնակիցների տեղ հասնելը: Դրանցից ամենանշանակալին, թերևս, «Լոկոտի հանրապետությունն» էր. ներկայիս Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի մարզերի որոշ մասերում տեղի ունեցավ ապստամբություն, որի արդյունքում լուծարվեցին կոլտնտեսությունները, և ձևավորվեց ինքնավարություն, որը պահպանվեց նաև գերմանացիների կողմից: Ի վերջո, 1943թ. Կարմիր բանակի հակահարձակման ընթացքում բնակիչների զգալի մասը հեռացավ գերմանացիների հետ միասին (նույն կերպ կոմունիստական տիրապետությունից խուսափելու համար հեռացան Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Բալթյան երկրների բազմաթիվ բնակիչներ), իսկ հազարավոր մարդիկ շարունակել են պարտիզանական գործողությունները կոմունիստների դեմ՝ անգամ մինչև 1951թ.:

ԽՍՀՄ-ի, իսկ այնուհետև Ռուսաստանի ղեկավարության համար հաղթանակը լեգիտիմության կարևոր աղբյուր է, որով փոխհատուցվում են տնտեսական քրոնիկ անարդյունավետությունը և վարչակարգի այլ թերացումները: Այսպես. ազատությունների սահմանափակմանն ու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող քննադատությանը ԽՍՀՄ ղեկավարները՝ դեռևս Ն. Խրուշչովի ժամանակաշրջանից, պատասխանում էին նացիզմը տապալելու գործում ԽՍՀՄ-ի որոշիչ դերի և մեծաքանակ զոհերի մասին պաթետիկ ելույթներով (մինչդեռ այդքան մեծաքանակ զոհերի համար իրականում պատասխանատու էին Ստալինը, Ժուկովը և առհասարակ՝ խորհրդային հրամանատարները, իսկ «որոշիչ դերը» սահմանափակվել է հենց սեփական քաղաքացիներին մսացու դարձնելով): ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Հայրենական մեծ պատերազմի» և աշխարհը փրկելու մասին առասպելի շահարկումը նպաստեց ԽՄԿԿ-ի և ՊԱԿ-ի, ինչպես նաև խորհրդային այլ հատուկ ծառայությունների հանցավոր ճանաչվելուց խուսափելուն, ինչն իր հերթին նպաստեց հատուկ ծառայությունների կողմից իշխանության փաստացի զավթմանը: Իսկ արդեն Վ. Պուտինի իշխանության օրոք «Հայրենական մեծ պատերազմում» հաղթանակն անհասկանալի կերպով հիմք է դարձել ներկայիս վարչակարգին ուղղված ցանկացած քննադատություն «ֆաշիզմ» հռչակելու համար: Ավելին, այդ կերպ արտաքին աշխարհի և «հինգերորդ շարասյան» «ֆաշիզմին» հակադրվելով՝ լեգիտիմացվում է ոչ միայն Վ. Պուտինի իշխանությունը, այլև իրական ֆաշիզմի հետ շատ ավելի նմանություններ ունեցող «եվրասիականությունը», ինչպես նաև հարևան պետությունների նկատմամբ ճնշումը և զավթողական պատերազմները:
Պատահական չէ, որ այս տարվա մոսկովյան շքերթին մասնակցելու համաձայնություն են տվել միայն ԱՊՀ անդամ ավտորիտար երկրների, ինչպես նաև Ռուսաստանից որոշակի ֆինանսական շահ ակնկալող ասիական և աֆրիկյան որոշ երկրների ղեկավարները: Այլ կերպ չպիտի լիներ՝ Ռուսաստանում թափ առած նեոֆաշիստական գաղափարախոսության և նրա կողմից վարվող զավթողական պատերազմի ֆոնին:

Մայիսի 9-ի շքերթը պարզապես ագրեսորի կողմից ուժի ցուցադրություն է լինելու՝ միլիտարիստական շոու, որը որևէ կապ չունի զոհվածների հիշատակը հարգելու կամ վետերաններին հարգանքի տուրք մատուցելու հետ: Նույն կերպ՝ «հաղթանակի խորհրդանիշ» զոլավոր ժապավենը որևէ կապ չունի պատերազմի մասնակիցների նկատմամբ հարգանքի հետ. այն ուղղակի ռուսական միլիտարիզմի և ագրեսիայի խորհրդանիշ է:

Բացի այդ՝ թե ԽՍՀՄ-ում, թե ներկայիս Ռուսաստանում վետերաններին բաժին հասած «հարգանքի» իրական բնույթն ակնհայտ է՝ պատմական փաստերից և ներկայիս իրավիճակից տեղյակ լինելու դեպքում: Բավական է իմանալ, մի կողմից, այն մասին, թե ինչպես են Ստալինի օրոք վարվել բոլոր վերջույթները կորցրած հազարավոր հաշմանդամների՝ «սամովարների» հետ (նրանք աքսորվել են հյուսիսում գտնվող հատուկ ճամբարներ և մեծ մասամբ սովամահ են եղել): Մյուս կողմից՝ 2015թ. մայիսի 9-ի միլիտարիստական շոուի համար Ռուսաստանում հատկացվել է 3 անգամ ավելի գումար, քան վետերաններին բնակարաններով ապահովելու, և 12 անգամ ավելի, քան բուժման համար: Բուն շոուին մասնակցելու համար էլ Մոսկվա են հրավիրվել մարդիկ, որոնց միջին տարիքը 73 տարեկան է՝ հիմնականում վետերանների խորհուրդների նախագահներ և իշխանամերձ այլ անձինք, իսկ պատերազմի իրական մասնակիցների (88 և ավելի բարձր տարիքի) մուտքը Կարմիր հրապարակ արգելվել է:

Երկրորդ աշխարհամարտին պատշաճ գնահատական տալու համատեքստում ակնհայտ է նաև դրան հայերի մասնակցության նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը: Զոհվածների հիշատակը և վետերանների ինքնազոհությունն արժանի են ամենայն հարգանքի, սակայն պետք է նաև պատասխան տրվի հետևյալ հարցին. Հայաստանն ի՞նչ օգուտ է ստացել՝ իր հարյուր-հազարավոր զավակներին ուղարկելով ռազմաճակատ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Իհարկե, նորություն չէ խորհրդային դոգմայի շրջանակում գործող պատմաբանների այն պնդումը, որ թուրքերն իբր թե սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի արդյունքներին, որից հետո կարող էին հարձակվել, սակայն դա կոմունիստական ժամանակաշրջանի կեղծիքներից մեկն է, որի նպատակը Թուրքիայի նկատմամբ վախի միջոցով կոմունիստական իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունքի ապահովումն էր: Նույն մեխանիզմը գործում է մինչ օրս՝ Հայաստանը Ռուսաստանի կողմից գաղութացնելու համար: Բայց անգամ Թուրքիայի հարձակման մասին վարկածը հավանական համարելու դեպքում պետք է գոնե փորձենք հետևյալ հարցի պատասխանը ստանալ. մի՞թե ԽՍՀՄ-ը Թուրքիայի հնարավոր հարձակման դեմ Հայաստանի ու Վրաստանի տարածքում բանակային ստորաբաժանումներ չուներ, և ինչո՞ւ հայերը չէին կարող հենց Հայաստանի սահմանը պահել՝ Կերչում, Կուրսկում և այլուր կռվելու փոխարեն: Ո՞րն էր հայերիս շահն այդ պատերազմում և ինչների՞ս է հիմա պետք մասնակցել ռուսական ռազմահայրենասիրական օրգիաներին՝ պարզապես պատերազմի հայ մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն:

Վերջապես անհրաժեշտ է նաև անդրադառնալ նացիզմի և կոմունիզմի դատապարտմանը: Վերջերս այս թեման հիշատակվեց Հռոմի պապի կողմից՝ թեկուզ կոմունիզմի փոխարեն ստալինիզմի՝ մասնավոր դեպքի հիշատակմամբ: Կարելի է վերհիշել, որ դեռևս 2006թ. ԵԽԽՎ-ն ընդունեց 1481 բանաձևը, որով դատապարտվում էին տոտալիտար կոմունիստական ռեժիմների հանցանքները` ներառյալ զանգվածային սպանությունները, համակենտրոնացման ճամբարների շահագործումը, աշխատանքային շահագործումը և բռնաճնշումների բազմաթիվ այլ տեսակներ: Ոմանք կոմունիզմի դատապարտումը սխալ են համարում, քանի որ այն ձևականորեն տարբերվում է ազգային խտրականության վրա հիմնված նացիզմից: Փորձը, սակայն, ապացուցում է, որ դասակարգային խտրականությունն ազգայինից պակաս վտանգավոր չէ. «բուրժուա» մտավորականների, առևտրականների, «կուլակների» և այլոց սպանդը պակաս դաժան չէր, քան նացիստների հանցանքները: Լենինի և Ստալինի օրոք «խաղաղության» ժամանակահատվածում (այսինքն՝ անգամ քաղաքացիական պատերազմը չհաշված) զոհվածների քանակը չի զիջում Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածների քանակին (իսկ, օրինակ, Ուկրաինայում 30-ականներին սովից ավելի շատ մարդիկ են զոհվել, քան պատերազմի ընթացքում): Եվ Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակած կողմ լինելը ոչ մի կերպ արդարացում չէ կոմունիզմի համար՝ այնպես, ինչպես ռուսաստանյան իշխանության լեգիտիմության աղբյուր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում